[ARM]     [RUS]     [ENG]

ԼՂՀ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑԻՆ ԱԳՆ, ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԸ

Անցած շաբաթ ԱԺ արտաքին հարաբերությունների և ֆինանսաբյուջետային ու տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում գալիք տարվա բյուջեով նախատեսված ֆինանսավորման մասին զեկուցեցին Արտաքին գործերի նախարարության, զբոսաշրջության և տեղեկատվական ոլորտների ղեկավարները։
ԱԳ նախարար Կ. Միրզոյանը նշեց, որ գալիք տարի գերատեսչության պահպանման ծախսերը կկազմեն 650մլն 603 հազ. դրամ, որն անցնող տարվա համեմատ գրեթե 60 միլիոնով ավելի է։ Ինչպես շատ բյուջետային կազմակերպություններում, այստեղ ևս  հիմնականում բյուջեի ավելացումները պայմանավորված են աշխատավարձերի նոր համակարգի ներդրմամբ, ինչի արդյունքում կատարվել է աշխատավարձերի  բարձրացում։ 1մլն 369 հազ. դրամ հավելումները պայմանավորված են օտարերկրյա պետություններում ԼՂՀ մշտական ներկայացուցչությունների պահպանման ծախսերով։ Դիվանագետների ընտանիքների փոխհատուցման և բնակարանների վարձակալման հետ կապված՝  ՙԲյուջե-2015՚-ով նախատեսված են գումարներ, շուրջ 413մլն դրամ՝ նախարարության պահպանման ծախսերի 64%-ը։
Զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության աշխատակազմի պահպանման ծախսերը 2015թ. կկազմեն շուրջ 100մլն դրամ։ Ավելացումները, վարչության պետ Ս. Շահվերդյանի խոսքով, բացառապես աշխատավարձային քաղաքականությամբ են պայմանավորված։ Զբոսաշրջության զարգացման ծրագիրը նախատեսված է 30մլն դրամի չափով, որը 2014 թվականի համեմատ կրճատվել է 5մլն դրամով։ 
Հուշարձանների պահպանության և վերականգնման միջոցառումների ծրագիրը կկազմի 187 մլն դրամ՝ այս տարվա 231 մլնի փոխարեն։ Հուշարձանների  վերականգնման ծրագիրը կուղղվի Տողի մելիքական ապարանքի, Ասկերանի ամրոցի ձախափնյա հատվածի վերականգնմանը, ինչը վերջին շրջանում ավերվում է և շտապ միջոցառումներ է պահանջում։ 
Արցախի հանրային հեռուստառադիոընկերության աշխատակիցների աշխատավարձերը բարձրացվել են 15%-ով, ինչի հետևանքով աճ է արձանագրվել ընկերության բյուջեում։ Ընկերությունը շատ հարցեր լուծում է նաև սեփական ռեսուրսների հաշվին։ Որոշ ծրագրեր փոխհատուցելու համար, այդ թվում և եթերաժամի ավելացման հետ կապված, ընկերության ղեկավարությունը հայտ էր ներկայացրել, ինչը, խորհրդի նախագահ Ն. Գասպարյանի խոսքով, մերժվել է։ 
ՙԱզատ Արցախ՚ հանրապետական թերթի վիճակը նիստի թերևս ամենաթեժ քննարկումների տեղիք տված հարցն էր։ Թերթի աշխատակիցների աշխատավարձը, ըստ գլխավոր խմբագիր Լեոնիդ Մարտիրոսյանի, բարձրացվել է ընդամենը 10%-ով։ 
 
Սրբուհի Վանյան