[ARM]     [RUS]     [ENG]

ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ. ԿԱՏԱՐՎԱԾ ՈՒ ԿԱՏԱՐՎԵԼԻՔ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

 

33.jpg

Բույսերի պաշտպանության ծառայություն՚ ՊՈԱԿ-ը գործում է ԼՂՀ գյուղնախարարության ենթակայության ներքո։ 

Ծառայության ղեկավար  Վալերի ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հետ մեր զրույցը շոշափում է 2014 թվականին իրականացված աշխատանքներն ու առաջիկա անելիքները:
-Պարոն Խաչատրյան, 2014թ. ծառայության կողմից  ի՞նչ աշխատանքներ են կյանքի կոչվել։ 
- Հաշվետու տարում իրականացվել  են  մի  շարք  աշխատանքներ՝  ուղղված   վնասատուների դեմ պայքարին,  համայնքային  հողերի  հետազոտություններին ու  դաշտային  ուսումնասիրություններին:  
Շարունակվել  ու  ավարտին  է  հասցվել  թթայգիներում  նկատված վահանակիր  կոչվող վնասատուների դեմ պայքարի  ծրագիրը:  Այն  ընդգրկել է  Ասկերանի  և Մարտունու  շրջանների  թթայգիները, որտեղ  հիմնականում  նկատվել  էին  վերը  նշված  կարանտին  վնասատուները: Սրսկվել  է  1000 հա  թթայգի`  40 համայնքների սեփականաշնորհված  տարածքներում: Այդ  աշխատանքների շնորհիվ նվազագույնի է հասցվել  վնասատուների հետագա տարածման վտանգը: 
Կատարվել  է  նաև մորեխանմանների  դեմ  պայքարը. ընդգրկվել են Մարտակերտի, Ասկերանի, Մարտունու և  Հադրութի  շրջաններում նկատված`առավել վարակված օջախները: Անհրաժեշտ  սրսկումները  կատարելով, կանխել ենք վնասատուների հետագա զարգացումն ու շարժը, պահպանելով հիմնական  ցանքսերը: Նշված աշխատանքներն իրականացվել  են  2000հա-ի վրա :
ԼՂՀ  բոլոր շրջաններն, ըստ  իրենց կողմից ներկայացված  հայտերի` ժամանակին  ապահովվել  են  մկնդեղով (ցինկի  ֆոսֆիդ)` տեղերում  մկնանման կրծողների  դեմ պայքար  կազմակերպելու նպատակով: Մեր ծառայության շրջանային  մասնագետները մշտապես  հետևել են ու իրենց մասնակցությունը բերել այդ աշխատանքներին: Ընդհանուր առմամբ` պայքար է կազմակերպվել 40350 հա-ի  վրա: 
Մեր կազմակերպության ագրոքիմիական լաբորատորիան ընթացիկ տարում կատարել է 700 հողանմուշի 3500 հետազոտություն, որը կազմում է 1400հա-ի ուսումնասիրություն: Այն ընդգրկել  է 14 համայնքի  սեփականաշնորհված հողատարածքներ: Այդ ուսումնասիրությունների  հիման  վրա  կազմվել  են  երաշխավորագրեր`  ըստ  ցանվող  մշակաբույսերի, որոնք տրամադրվել են համայնքներին` հետագա աշխատանքների  կազմակերպման  ժամանակ  գործածելու համար:
Նպատակը մեկն է. հողատերն ավելի ճշգրիտ պատկերացում կազմի իր անելիքների մասին, որպեսզի բարձր բերք ստանա և իմանա՝ ինչպես օգտագործի ժամանակակից  ագրոգիտելիքները,  թունանյութերն ու  պարարտանյութերը:
-Իսկ հողօգտագործողներին ուրիշ ի՞նչ առարկայական օգնություն է ցուցաբերվում  (ի՞նչ նյութեր են տրամադրվում):
-Հողօգտագործողները  մեր  կողմից  ժամանակին ապահովվել  են  համապատասխան  թունանյութերով` մկնանման  կրծողների,  մորեխների ու թթայգիների վնասատուների  դեմ պայքարի համար: Բացի այդ, ՊՈԱԿ-ի կողմից տրամադրվել  են  նաև ձեռքի   սրսկիչներ` փոքր  հողակտորների  և  այգիների  սրսկումների  համար:
Ծառայության կողմից կազմակերպված նշյալ աշխատանքներին ժամանակավորապես  ներգրավվել  են նաև տարբեր համայնքներ ներկայացնող 20 անձինք, ովքեր ստացել  են  նաև  համապատասխան վարձատրություն:
- Հողօգտագործողներին մեթոդաբանական օժանդակություն ցուցաբերվե՞լ է։ 
- Ծառայության մասնագետների կողմից պարբերաբար կատարվում  են  շրջայցեր, մոնիթորինգներ բոլոր շրջաններում և տարբեր հողակտորներում` լինեն դրանք խամ ու  խոպան  հողեր, մշակվող  դաշտեր, թե պտղատու այգիներ: Տեղերում  մասնագետները պարտադիր կազմակերպում  են  հանդիպումներ  այգետերերի, հողատերերի  հետ, ժամանակին  զգուշացնում նկատվող  վնասատուների և հիվանդությունների մասին, տալիս  մասնագիտական խորհուրդներ դրանք  վերացնելու  համար:
Բացի առաձին  խորհրդատվություններից, ծառայության մասնագետների  խումբը  պարբերաբար  շրջաններում  կազմակերպում  է սեմինար-խորհրդակցություններ` համապատասխան  դիտողական  պարագաներով, պլակատներով  ու տեսանյութերով:
Այս  տարի  մեր  կողմից  պատրաստվել  ու  տպագրության են տրվել  հանրամատչելի  բրոշյուր-ուղեցույցներ` հացազգիների, բանջարաբոստանային  մշակաբույսերի, խաղողի և այլ  պտղատու  այգիներում քիմիական պայքարի միջոցառումների  վերաբերյալ:
- Ի՞նչ ծրագրեր կան նոր տարվա հետ կապված:
- Այն  աշխատանքները,  որոնք  կատարվում  են ծառայության կողմից,  կրում  են  շարունակական բնույթ: Պլանավորում  ենք  նաև կազմել համայնքների սեփականաշնորհված հողերի  ագրոքարտեզագրում, որտեղ ևս հանրամատչելի կերպով ներկայացված կլինեն  այդ հողերի լրիվ  ագրոքիմիական կազմի ու կառուցվածքի բնութագրերը, այդ տարածքներում առավել տարածված  մոլախոտերի, հիվանդությունների, վնասատուների տեսակներն ու դրանց դեմ պայքարի  միջոցառումները:
 
Սրբուհի ՎԱՆՅԱՆ