[ARM]     [RUS]     [ENG]

ԲԱՎԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱՆՔ ՄԵՐ ԿԱՏԱՐԱԾԻՑ

 andranik.jpegԼՂՀ գյուղատնտեսության նախարար   Անդրանիկ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հարցազրույցը  Ազատ Արցախ՚-ին

-Պարոն Խաչատրյան, ինչպիսի՞ն էր անցնող տարին գյուղոլորտի համար:
-2014 թվականն ամենահաջողներից չէր մեր գյուղատնտեսության համար: Ու դա պայմանավորված էր բացառապես աննախադեպ  ոչ բարենպաստ բնակլիմայական պայմաններով, ինչը, բնականաբար, բացասաբար է անդրադարձել գյուղատնտեսական բոլոր մշակաբույսերի բերքատվության ու համախառն արտադրանքի ծավալների վրա: 
Ինչ վերաբերվում է անասնաբուծության ճյուղին, ապա 2014թ., նախորդ տարվա համեմատությամբ, ավելացել է անասնաբուծական մթերքների` կաթի, մսի, ձվի, արտադրությունը` հիմնականում պայմանավորված անասունների մթերատվության բարձրացմամբ: 
Հավելենք, որ 2014 թվականին իրականացված անասնաբուժասանիտարական մի շարք միջոցառումների շնորհիվ հանրապետության անասնահամաճարակային ընդհանուր իրավիճակը կայուն էր:
Հաշվետու տարում շարունակվել են մասնակի սուբսիդավորման պայմանով սերմերի, պարարտանյութերի, դիզվառելիքի, տոհմային ցուլերի տրամադրման, լիզինգային արտոնյալ պայմաններով գյուղատնտեսական տեխնիկայի և սարքավորումների ձեռքբերման, ոռոգման համակարգի բարելավման, գյուղատնտեսության զարգացման ենթաշրջանային ծրագրերի իրականացման, իրավաօրենսդրական դաշտի կատարելագործման և այլ նախանշված ծրագրերը, իսկ դրանցից մի քանիսը դեռ շարունակվում են:
Նշված ծրագրերի իրագործման արդյունավետության, ինչպես նաև ընդհանուր պատկերի  գնահատականը կտրվի առաջիկայում:
- Հեռանկարները` կապված 2015 թվականի հետ:
- 2015 թվականին կշարունակվեն նախորդ տարիներին արդեն սկսված մի շարք ծրագրեր, ինչպես նաև կգործարկվեն որոշ նոր, մասնավորապես` մեխանիկական եղանակով մատակարարվող ոռոգման ջրի համար ծախսված էլեկտրաէներգիայի արժեքի մասնակի սուբսիդավորման, կերային մշակաբույսերի մշակության, ԼՂՀ-ում գյուղատնտեսական մթերքներ վերամշակող իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցներին ավելացված արժեքի գումարի փոխհատուցման և այլ ծրագրեր:
- Ձեր բարեմաղթանքներն Ամանորի կապակցությամբ:  
- Մեր վաստակած, հերոսական ժողովրդին նոր տարում մաղթում եմ  քաջառողջություն, արևշատություն, խաղաղ երկինք և ընտանեկան անդորր: Թող գալիք տարում մեր հայրենակիցների ուղեկիցները լինեն երջանկությունն ու բարեկեցությունը, թող ամեն ոք բավականություն ստանա իր կատարած աշխատանքից:
 
Սրբուհի ՎԱՆՅԱՆ