[ARM]     [RUS]     [ENG]

ՙԱՎԻՍ՚. ՄԻՋՆՈՐԴԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Ավիս՚ բիզնես¬կենտրոնն ստեղծվել է 2011 թվականին՝ հանրապետության տարածքում գործող գործարար շրջաններին նոր առաջարկներ, միջնորդ ծառայություններ մատուցելու  նպատակով։ Կենտրոնի հաճախորդներն ինչպես իրավաբանական, այնպես էլ ֆիզիկական անձինք են։ ՙԱվիսը՚ նրանց շահերը ներկայացնում է տարբեր մարմիններում, մատուցում դասընթացային,  ծրագրային, հաշվապահական և այլ ծառայություններ։ 
Այն առայժմ միակ ընկերությունն է, որ  նման համակարգված միջնորդական ծառայությունների փաթեթով ներկայանում է  ղարաբաղյան շուկայում: 
Ինչպես մեր զրույցի ընթացքում նշեց Կենտրոնի տնօրեն Վարդան Ավետիսյանը, սկզբնական շրջանում  ծառայությունների շրջանակը չափազանց ընդգրկուն էր, բայց, ելնելով նաև շուկայում պահանջարկի բացակայությունից, տարիների ընթացքում ստիպված եղան ծառայությունները սահմանափակել։ ՙՍկզբում ծառայությունների բավականին լայն շրջանակ էինք փորձում ընդգրկել. շարժական և անշարժ գույքի գնահատում,  գործարար ծրագրերի կազմում, բանկային և բիզնես միջնորդություններ, որոնք իրենցից ենթադրում էին և՜ իրավաբանական  խորհրդատվություն, և՜ բանկային ծառայություններում միջնորդություններ, Irtek համակարգի նմանությամբ ստեղծել ենք Arlow  համակարգ, որը հաջողությամբ գործարկվում է մինչև այսօր՚,¬ ասաց Վ. Ավետիսյանը։ Վերջինս վճարովի համակարգ է, որի համար որպես այլընտրանք, ավելի ուշ ԼՂՀ արդարադատության համակարգի կողմից  ստեղծվել է անվճար մի այլ համակարգ։ Վ. Ավետիսյանն այն կարծիքին է, որ վերջինիս հանդեպ Arlow¬ը մի շարք առավելություններ ունի. առաջին հերթին այն, որ Arlow¬ն առավել շատ ակտեր է պարունակում, այն առավել հագեցնելու հնարավորությունները ևս մեծ են։
Ծրագրերը կազմելիս ՙԱվիս՚ բիզնես¬կենտրոնի ղեկավարությունը, բնականաբար, հաշվի է առնում ժամանակակից շուկայի պահանջները, և պատահական չէ, որ մեծ տեղ է հատկացնում երիտասարդ, նոր մարտահրավերներին պատրաստ կադրերի ձեռքբերմանն ու հետագա ուսուցմանը։ Այդ պատճառով Վ. Ավետիսյանն  ինքնանպատակ չի համարում այն, որ սկզբնական շրջանում իրենք մանրամասն ընտրություն են կատարել. այն կադրերը, որոնք ընտրվել են գիտելիքների մեջ խորանալու ՙԱվիս՚ կենտրոնում, հետագայում աշխատանքի են անցել հենց  այստեղ։ Իհարկե, եղել են մասնագետներ էլ, որոնք մասնակցել են Կենտրոնի կողմից կազմակերպված դասընթացներին՝ կոնկրետ աշխատանքի անցնելու նպատակով՝  գործատուի կողմից ներկայացված պահանջին համապատասխանելու համար։ 
Մեր հարցին ի պատասխան, թե կոնկրետ ինչ ծրագրերի հանդեպ է պահանջարկ զգացվում, Վ. Ավետիսյանը նշեց.  առավել մեծ է հետաքրքրությունը հաշվապահական հաշվառման և լեզուների ուսուցման դասընթացների նկատմամբ, քանի որ աշխատանքի շուկայում արդիական և առավել մասնագիտացված կադրերի խիստ կարիք է զգացվում հենց այդ ոլորտում։ Առաջինի պահանջն առավելապես բխում է Հարկային  ծառայությունից, որը տնտեսվարող սուբյեկտից պահանջում է գրագետ կազմված, ճիշտ հաշվետվություններ, ինչը կամ  պիտի ապահովվի վերապատրաստում անցած սեփական հաշվապահի կողմից, կամ գործարարը պետք է պատվիրի մասնագիտացված միջնորդ կազմակերպությանը կազմելու հաշվետվությունը։ Ինչ վերաբերում է լեզուների ուսուցմանը՝ գլոբալացման, արտաքին աշխարհում տեղի ունեցող անցուդարձին (այդ թվում՝  մասնագիտական շուկայում) տեղեկանալու համար, այդ  գործոնը մեծ դեր է խաղում, և գործատուները, որոնք ուզում են զարգացումից հետ չմնալ, իրենց աշխատողներից պահանջում են համապատասխան գիտելիքներ տվյալ  պաշտոնի համար։ 
ՙԱվիս՚ կենտրոնի ստեղծմամբ Ղարաբաղում փաստորեն նոր մշակույթ է ձևավորվել. դրվել է միջնորդական համակարգված ծառայությունների մատուցման հիմքը, որն  աշխարհում վաղուց ընդունված ձև է։  Արցախյան շուկան, իհարկե, այս առումով սահմանափակ է և ունի որոշակի առանձնահատկություններ, որոնք բացասաբար են անդրադառնում Կենտրոնի աշխատանքների վրա, բայց, Վ. Ավետիսյանի խոսքերով, հենց այդ պատճառով է, որ իրենք անընդհատ պրպտումների մեջ են, նոր   ծրագրերի, նոր գաղափարների որոնումներում։ Կենտրոնն ստիպված է լինում կայացման ճանապարհին հաղթահարել խոչընդոտներ, որոնք բխում են արցախյան հոգեկերտվածքից, ձևավորված կարծրատիպերից, երկրի չճանաչվածության գործոնից, արտաքին բիզնես¬միջավայրից  կտրվածությունից, տնտեսական շուկայի սահմանափակ լինելուց և այլն։ Նրա խոսքով, դրանք հաղթահարելի խոչընդոտներ են: ՙԱվիս՚¬ի հաճախորդներն, ընդհանուր առմամբ, գոհ են ծառայությունների  մատուցման որակից։ ՙԻսկ ի՞նչը կկամենայիք փոխված տեսնել ձեր և պատվիրատուների հարաբերություններում՚։ Այս  հարցին ի  պատասխան Վ. Ավետիսյանն ասաց, որ, այնուամենայնիվ, ձևավորված կարծրատիպերը խանգարում են. ՙԳործարար շրջանակներում միջնորդ ծառայություններն  օրինաչափ երևույթ են։ Եվ այն, որ, ասենք, կազմակերպության հաշվապահական ծառայությունները մատուցվեն հենց այդ միջնորդության շրջանակներում, նորմալ է։ Մեր գործարարների մեջ դեռևս կա  փոքր¬ինչ  անվստահություն, կարծրատիպ, որ հաշվապահը պետք է նստի, ասենք, իրենց գրասենյակում և որոշակի աշխատանքային ժամեր ունենա՚,¬ պարզաբանեց նա։ 
ՙԱվիս՚ բիզնես¬կենտրոնում այսօրվա դրությամբ կան և՜ մշտական,  և՜ պայմանագրային աշխատողներ։ Մշտական  աշխատողներն  ավելի քան 10-ն են՝  հանրապետությունում գործող միջին աշխատավարձերով։ Տնօրենը նշեց, որ աշխատավարձերը Կենտրոնում խիստ պայմանական են, կապված մի շարք գործոններից՝ աշխատանքի ծավալ, պատվերների առկայություն և այլն։ Իսկ մի՞շտ են բավարար քանակի պատվերներ լինում։ Պարզվեց, որ ընկերությունը հաճախ ստիպված է  ձևավորել ինչպես  առաջարկը, այնպես էլ պահանջարկը, որովհետև առանց  գովազդի և ճիշտ մենեջմենթի դժվար թե նման կազմակերպությունները կարողանան շուկայում պահպանել կայուն դիրք։ Այդ իսկ պատճառով ՙԱվիս՚¬ը մեծ տեղ է տալիս համագործակցության շրջանակների ընդլայնմանը և հաճախ է նախաձեռնողի դերում հանդես գալիս։
 
Սրբուհի ՎԱՆՅԱՆ