[ARM]     [RUS]     [ENG]

ՄԻ ՔԱՆԻ ՏԱՐԻ ԱՆՑ ԱՐՑԱԽԸ ԿՆԵՐԿԱՅԱՆԱ ՍԵՓԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՁԿՆԿԻԹՈՎ

ikra_chernaja_zernistoe_zoloto.jpgՄատաղիսում շարունակվում են սև ձկնկիթի արտադրության նախապատրաստական աշխատանքները: Մի կողմից շինարարությունն է շարունակվում, մյուս կողմից, արդեն պատրաստ շինություններում, սարքավորումների մոնտաժումն է իրականացվում: 
Կառուցվող ձեռնարկության վերարտադրողական գործընթացը կիրականացվի շուրջ 350 ջրավազաններում: Ծրագիրը կյանքի է կոչվում  շվեյցարահայ գործարար Վարդան Սիրմաքեշի ներդրումներով: 
Սահմանամերձ Մատաղիսի նկատմամբ բնությունը առատաձեռն է գտնվել: Բավական մեղմ բնակլիմայական պայմանները եւ առատ ջրային պաշարերը լայն հնարավորություններ են  ստեղծում ամենատարբեր ոլորտներում: Իսկ վերջերս պարզվեց, որ տեղի պայմանները նաեւ ձկնկիթի արտադրության համար են նպաստավոր: Ներդրողներն այս եզրակացությանը եկել են երկարատեւ ու մանրակրկիտ ուսումնասիրություններից հետո միայն: ՙՄինչեւ բուն աշխատանքները մոտ մեկ տարի ուսումնասիրություններ եւ հետազոտություներ են կատարվել,- պատմում է ԼՂՀ վարչապետի խորհրդական Արամ Մխոյանը:- Ուսումնասիրվել են տեղանքը, կլիման, մանրամասն հետազոտվել ջուրը՝ կոշտության ինչ մակարդակ ունի, ինչ միկրոէլեմենտներ է պարունակում: Այս բոլոր մանրամասները պարզելը նման խոշոր գործ սկսելուց առաջ ոչ թե շատ կարեւոր էր, այլ պարտադիր՚:  Ուսումասիրությունները դրական եզրակացությամբ են ամփոփվել: Մատաղիսի բնակլիմայական պայմանները համապատասխանում են ձկնկիթի արտադրության համար պահանջվող չափանիշներին: Ջրի հետազոտությունը Եվրոպայում է իրականացվել: ՙՊարզվեց, որ Մատաղիսի ջուրը համապատասխանում է բարձրակարգ ձկնկիթ արտադրելու համար անհրաժեշտ ջրի չափանիշներին: Եվ դա ամենաորոշիչ կետն էր՚,- հավելում է Արամ Մխոյանը:
Փորձագետների դրական եզրակացությունից շատ չանցած՝ Մատաղիսում սկսվեց շինարարական եռուզեռը: 1250 քմ մակերեսով մասնաշենքն արդեն պատրաստ է: Արտադրամասը կառուցվել է  Մատաղիսի ջրամբարին կից տարածքում, որտեղից էլ ջուր կմատակարարվի արտադրության համար: Այս օրերին շինարարները ջրագծի մոնտաժման աշխատանքներն են իրականացնում:  ՙԾրագրի նկատմամբ մեծ է հետաքրքրությունը: Մեծ են նաեւ ակնկալիքները: Բնականաբար, բոլոր փուլերում աշխատանքների որակի հսկողությունն էլ խիստ է,- գնահատում է վարչապետի խորհրդական Ա. Մխոյանը:- Կարող ենք ասել, որ առ այս պահը ամեն ինչ արվել է պահանջվող չափանիշներին համապատասխան: Հիմնական ջրագիծը շուտով պատրաստ կլինի: Բայց մինչ այդ հնարավորություն ունենք ջուրն այլ աղբյուրից մատակարարել ձկնաբուծարանին՚:
Այս ծրագրից տնտեսական առումով ակնկալիքները մեծ են: Սակայն կառավարության ղեկավարը դրանից ոչ պակաս կարեւոր է համարում փաստը, որ այն սահմանամերձ համայնքում՝ Մատաղիսում է կյանքի կոչվում: Արդյունքում՝ այստեղ մի քանի տասնյակ նոր աշխատատեղեր են բացվելու՝ այդ թվում նաեւ կանանց համար: Եվ դա՝ մոտ ապագայում: 
Ըստ նախագծի՝ առաջիկա տարիներին Արցախը դառնալու է թանկարժեք այդ սննդամթերքի խոշոր արտահանողներից  մեկը: Իսկ մինչ այդ, ընդամենը երեք տարի հետո, սկսվելու է ձկնամսի արտահանումը:
 
Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆ