[ARM]     [RUS]     [ENG]

ԼԻՆԵԼ ԱՐԴԱՐ՝ ՍԵՐՄՆԱՑԱՆԻ ՊԵՍ

hac.jpgՄշակաբույսերից, պտուղ-բանջարեղենից առավել մարդիկ կարևորում են հացահատիկը: Առավել շատ հայերը` որպես հինավուրց հաց արտադրող ազգ, դարեր շարունակ կարողացել են մաքառել իրենց երկիրը ներխուժած այլազան բանակների դեմ` իբրև զինվոր ունենալով նաև հացը, քանզի  հացի պակասությունը թշնամու դուռն է տանում: 
Դարերից ավանդված իմաստությունն ասում է` հաց ունես` ամեն ինչ ունես:

ՀԱՑԸ ՎԵՐ Է 
ԱՄԵՆ ԻՆՉԻՑ
 
Խորհրդային հասարակարգում, ավագ սերունդը լավ է հիշում, կարևոր իրադարձություն էր համարվում հացահատիկայինների հունձը։ Կարծես շքերթի դուրս եկած հացահատիկահավաք  կոմբայններն իրար հետևից երկար շարքով հանդիսավոր ՙլողում՚ էին դեպի համայնական դաշտեր: Օրվա կարգախոսներն էին` ՙՈչ մի  հասկ` արտում՚, ՙԲերքահավաքը` անկորուստ՚ և  այլն: Իսկ օրվա հերոսները հացագործներն էին, ի մասնավորի՝ մեխանիզատորները, ովքեր գիշեր ու զօր անցկացնում էին հանդում: Կոլեկտիվ և խորհրդային տնտեսություններն անում էին ամեն ինչ, որ նրանք կարողանան աշխատել մեծ արդյունավետությամբ. կազմակերպում էին դաշտային օթևաններ, ապահովում տաք ճաշով, իսկ մշակույթի օջախները եռանդ էին տալիս գեղարվեստական կատարումներով: Հազվադեպ էր պատահում, երբ անժամանակ անձրևը, կարկուտը կամ հրդեհը ոչնչացնում էին բերքը: 
Հիմա կարծես թե դժվար է ստեղծվում հացը: Եվ երբ լսում ենք, որ բերքն առատ է, ուրախանում ենք, որովհետև գիտենք, որ դրանով ավելի ենք ուժեղանում: 
Տարին այս  հաջողակ է հացարտադրողների համար: Բարի լուրը տարածվում է զանգվածային լրատվամիջոցներով, մարդկանց զրույցներով: Խոսում են, որ անցյալ տարվա համեմատ երեք անգամ բարձր բերք է աճեցվել: Խնդիրը բերքը ժամանակին, կազմակերպված ու անկորուստ հավաքելն է: Մեր պետությունն էլ ամեն ինչ արել է այդ ուղղությամբ. գիտենք, որ ԼՂՀ Նախագահը խորհրդակցություն է անցկացրել համապատասխան մարմինների ղեկավարների մասնակցությամբ՝  հացահատիկայինների բերքահավաքն անկորուստ կազմակերպելու նպատակով:
Ի՞նչ է արվում  այդ ուղղությամբ. լրագրողական մեր խմբի գործուղման վայրը Ասկերանի շրջանն է: 
 
ԻՆՉՊԵՍ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ` ՀԱՄԱՐ ՄԵԿ  Է ՏՐՎԱԾ
 
Սամվել Հայրիյանը` Ասկերանի շրջվարչակազմի ղեկավարի տեղակալը, շրջանի հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքի անցկացման, հակահրդեհային անվտանգության ապահովման հանձնաժողովի նախագահն է: Բնականաբար, նախնական տվյալները նրանից ենք վերցնում: 
Հանձնաժողովն ստեղծվել է ապրիլի 30-ին` շրջվարչակազմի ղեկավարի որոշմամբ: Առաջին գործը, որին ձեռնամուխ  են եղել, բերքահավաքի դաշտերի շրջակայքն  անվտանգության գոտիների բաժանելն էր: Տրակտորներով, գրեյդերներով  ճանապարհները խոտածածկից ազատել են, հարկ եղած դեպքում այն վառել են։  Այդպես անվտանգության գոտիները մեծացրել են, որ հանկարծ հրդեհը չանցնի արտերը: 
Հունիսի  3-ից շրջանում  մեկնարկել է բերքահավաքը: Ունեն 6608 հա ցորենի  և 1840 հա գարու դաշտ: Ակնա թաղամասում 3650 հա հացահատիկ է ցանվել, որից՝  2650 հա ցորեն, 1000 հա գարի: Հացահատիկայինների մնացած հողատարածքները համայնքներում են: Ինչպես տեսնում ենք, Ասկերանի հացահատիկի պաշարների կեսից ավելին  գոյանում է Ակնայում: Գարնանացան էլ կա. ցորենի՝ 70,6 հա, գարու` 14,6 հա: Բացի դրանից,  ունեն նաև հաճար` 657 հա, որի հունձն ամենից վերջում են կատարում:
 
ՀԱՑԻ ՎՐԱ ՆԻԶԱԿ 
ՉԵՆ ՃՈՃՈՒՄ
 
 Շրջվարչակազմի ղեկավարի տեղակալի աշխատանքի վայրը հնձի այս շրջանում Ակնա թաղամասն է, որտեղ աշխատանքն սկսվում է առավոտյան, ավարտվում ուշ երեկոյան: Նրա ՙՆիվա՚-ով ճանապարհվում ենք  Ակնա: Հագին զինվորական տաբատ է: Ասում է` այդպես ավելի հարմարավետ է, իրեն ձիգ է զգում տվյալ վիճակում: Մեքենայի հետնամասում աչքովս ընկավ  հրացանը: Դա էլ գազաններից, օձերից պաշտպանվելու համար է, եթե հանկարծ պատահեն: Հեռադիտակ էլ կար: Բնական է` ոչ մի րոպե աչքաթող չպետք է արվեն հեռու տարածքները, ամեն րոպե հրդեհի վտանգ կա: Մինչ կհասնեինք Ակնա, ներկայացնում է անցած օրերի քրոնիկոնը հնձի ճակատում: Հրդեհավտանգ վիճակը հիմնականում ադրբեջանական սահմանում է. թուրքերը վառել են մեր  խոտածածկերը, արոտավայրերը, հարկ է եղել, որ մերոնք էլ հանդիպակաց վառեն` պաշտպանական նպատակով, որ հրդեհը չհասնի ցորենի, գարու դաշտերը: ՙԵվ, փառք Աստծո, մինչ այսօր բերքի կորուստ չենք տվել՚,- ասաց:
ՙԿարող է նաև ադրբեջանական կողմի ՙբարյացակամությա՞մբ՚ է պայմանավորված բերքահավաքն անկորուստ անցկացնելը՚,- կատակում եմ` մտածելով, որ գուցե մեծ զորավար Ալեքսանդր Մակեդոնացուց քաղաքակրթության մի տարր կլինեն սովորած, ըստ որի՝ հացի դեմ չի կարելի նիզակ ճոճել:  
- Ի՛նչ բարյացակամության մասին է խոսքը,- հիասթափված բացականչում է զրուցակիցս,- մեր և ադրբեջանցիների դիրքերի միջև սև գոտի է փռված` լրիվ վառված տարածքներ են: Հիմա նրանք ուրիշ մեթոդներով են պայքարում մեր արտերի դեմ` կրակում են լուսածիր գնդակներով, վառում: Վերջերս այդպիսի երկու դեպք  է եղել: Բարեբախտաբար, միայն խոտածածկույթներն են վառվել: Գիշեր-ցերեկ հսկում ենք։  
Ս. Հայրիյանն ապա ներկայացրեց, որ հենակետ ունեն Ակնա թաղամասում, որտեղ ամեն օր 10 հոգուց բաղկացած խումբ է հերթապահում` ընդգրկված շրջանի հիմնարկ-ձեռնարկությունների աշխատողներից, որոնցից մեկն արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից է: Բացի այդ, ԱԻՊԾ-ը 4 դիրքեր ունի Օդանավակայան կոչվող տեղամասում, Տիգրանակերտի մոտ, ՙ80 բազայում՚, ՙԿոննի զավոդ՚-ում:  Այս չորս տեղամասերում հրշեջ մեքենաներով գիշեր-ցերեկ հերթապահություն են անում: Բանակն էլ է օգնում, Ակնա թաղամասում ջրի պակասություն կա, հրդեհավտանգ դրություն լինելու դեպքում բանակի ջրի մեքենաներն անմիջապես օգնության են հասնում: Տեխնիկայի պակասությունն է շատ զգացնել տալիս: ՙԵթե շատ լինի, ավելի շուտ կավարտենք հունձը՚: Այդ պահի դրությամբ շրջանի 22 կոմբայններից 19-ն աշխատում էր Ակնայում, որոնցից 5-ը Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի ՄՏԿ մեքենաներն են, մնացածը սեփական կոմբայններ են: Սիսիանից էլ են անգամ եկել: Բացի ՄՏԿ կոմբայններից, մնացածը հին են՝ 30-35 տարվա, ուստի հաճախ են  փչանում:
Հունիսի 24-ի դրությամբ Ակնա թաղամասում ավարտվեց գարու բերքահավաքը:  Միջին բերքատվությունը 28ց է՝ անցյալ տարվա համեմատ զգալիորեն բարձր: Ցորենի միջին բերքատվությունն այդ պահի դրությամբ 30ց էր։ 
 
ԳԵՏԻՑ ԳԵՏ ԱԿՆԱՆ Է
 
Հասնում ենք Ակնայի լիազոր ներկայացուցչի, որին նաև գյուղապետ են անվանում, նստավայրը: Դա մի բացօթյա տաղավար է, որտեղ երկար սեղանի շուրջ նստած էին աշխատակիցները` գյուղապետ Գուրգեն Հարությունյանի հետ միասին:  Մի քանի օր առաջ այստեղ ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանն է եղել և խորհրդակցություն անցկացրել հնձի շուրջ: Տաղավարից քիչ այն կողմ տնակային գյուղապետարանն է, որտեղ շոգի պատճառով չեն նստում: Գ. Հարությունյանը և մի երիտասարդ՝ տարածքի գյուղատնտես Արամ Ավագյանը, գլուխները հակած թղթին, բարձրաձայն պլյուս-մինուս էին անում: Լսելի էին տեղամասերի անունները, մի մասը` նախկին ձևով: ՙԻ՞նչ տեղամասեր են՚,- հետաքրքրվում եմ: ՙԳետից գետ մեր տարածքներն են,- լիազոր ներկայացուցիչն այնպիսի զգացողությամբ է դա ասում, ասես ծովից ծով Հայաստանի մասին լիներ խոսելիս:- Կարկառ գետից մինչև Խաչեն՚: Ինչո՞վ եք բացատրում այս տարվա  բարձր բերքատվությունը՚,- հարցնում եմ երիտասարդ գյուղատնտեսին: 
- Առաջին հերթին՝ եղանակային բարենպաստ պայմաններով, նաև` որակյալ սերմերով: Երբ անցնում ես դաշտերի մոտով, տեսնում ես միահավասար, գեղեցիկ հասկեր, իսկ  առաջներում այլասերված ցորենի դաշտեր էին, մեկը՝ բարձր, մեկը՝ ցածր: Որակյալ սերմերը բարձր բերքատվության կարևոր պայման են: Բացի դրանից, գնալով` հողօգտագործողներն էլ են մասնագիտանում, ագրոմիջոցառումները կատարում են ժամանակին:
Ոչ բոլորը հողօգտագործողներն են, սակայն, ամեն ինչ անթերի կատարում, ագրոկանոններին համապատասխան: Հիմնական խնդիրն այն է, որ ագրոկանոններին  հետևելը մեծ ծախսերի հետ է կապված: Կա նաև  ոռոգման խնդիր. Ակնայում բոլոր տարածքները չեն ոռոգովի:
 
ՀԻՄԱ JOHN DEERE-ՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ Է
 
Ուղտասարում տեսանք գերմանական JOHN DEERE արտադրության կոմբայնի հունձը: Վարողը նորագյուղցի Արթուր Հայրապետյանն էր: ՙԶԻԼ՚-ի վարորդը ծառի շվաքում սպասում էր բունկերի լցվելուն: Մինչև կլցվեր, սկսեց թվարկել JOHN DEERE-ի առավելությունները: ՙՄեծ ընդգրկում ունի` ՙՆիվա՚ կոմբայնից երեք  անգամ ավել: Մինչև հիմա երկիրը ՙՆիվա՚-ի վրա էր հենվում, հիմա գերմանական JOHN DEERE-ն է՚,- գիտակ մարդու վստահությամբ բացատրում է: Օրական հնձում է 35 հա: Արթուրն այնքան լավ է տիրապետում մեքենային, որ ոչ միայն ինքն է նորոգում, այլև հեռախոսով մյուս մեխանիզատորներին է ցուցումներ տալիս: Երկշաբաթյա վերապատրաստման դասընթացներ է անցել Ուկրաինայում և արդեն հինգ տարի է` վարում է մեքենան: Այդ ընթացքում կոմբայնը մոտեցավ ՙԶԻԼ՚-ին, բունկերը, որը 4,5տ գարի է տանում (ցորեն` 5,5 տ), հաշված րոպեներում դատարկվեց: Մինչ հաջորդ պտույտները կսկսեր` կոմբայնավարին մի քանի հարց ուղղեցի` գո՞հ է վաստակից: Ասաց, որ սեզոնում բարձր է վաստակում, իսկ տարվա  միջինը 250 հազ. դրամ է: Չգիտես ինչ ասես այն երիտասարդներին, ովքեր չեն ուզում մեխանիզատոր դառնալ, երբ երկրում նրա պահանջարկը մեծ է: Այս կոմբայնավարին ուզում էի  ասել. ՙԿերածդ հացը հալալ լինի՚, մանավանդ որ ծառի ճյուղից իջեցվեց կեսօրահացի տոպրակը:
 
ԻՍԿ ԽՐԱՄՈՐԹՈՒՄ ՍՊԱՍՈՂԱԿԱՆ 
ՎԻՃԱԿ ԷՐ 
 
 Եվ ոչ միայն Խրամորթում: Բոլոր համայնքներում նույն վիճակն է: Տեխնիկա չունեն կամ քիչ է, սպասում են խոշոր հողատարածքներում հունձն ավարտվի, որ  հերթն իրենց հասնի: Հիմնադրամի ՄՏԿ-ն գտնվում է Խրամորթում, բայց դա  համայնքին առավելություն չի տալիս: Համայնքի ղեկավար Արգեն Մկրտչյանն ասաց, որ 270 հա աշնանացան են կատարել, որից 10 հա գարի է հնձված. սպասում են կոմբայնի, որ ցորենն էլ հնձեն: Գյուղում կոմբայն չկա: Ամեն առավոտ վերև-ներքև են նայում, սուրբ Աստված կանչում, որ հանկարծ արտերը չվառվեն, կամ կարկուտ չգա՝  բերքը չփչացնի: Խոտհունձը  հաջողությամբ ավարտել են, եթե ցորենն էլ անկորուստ հավաքեն` ահագին առաջընթաց կլինի գյուղի համար: 
Վիպասան Հայկ Խաչատրյանի մի ավանդապատումը հիշեցի.  
ՙՄեր թվականությունից առաջ 6-րդ դարում Հայաստանի թագավորն էր Տիգրանը: Թագը գլխին դնելուց և գահին բազմելուց առաջ նա հորն ասաց.
- Հավատա, հա՜յր, ես քեզ պես արդարադատ կլինեմ: 
- Չէ՜, զավակս,- պատասխանեց հայրը,- ես այնքան էլ արդարադատ չեմ եղել, ավելի լավ է դու նմանվես վարպետ սերմնացանին:
- Ինչո՞ւ:
- Դու տեսե՞լ ես, թե սերմնացանը ինչպես է կապում իր կտավե գոգնոցը և սերմը շաղ տալիս աջ ու ձախ: Դա շատ նուրբ գործ է: Նոսր ցանելու դեպքում արտը ցանցառ կլինի, և տեղ-տեղ անհաս բացատներ կմնան, խիտ ցանելու դեպքում` ցորենն արմատ չի տա: Թագավորը նման է սերմնացանին: Եթե ուզում ես արդարադատ լինել, ապա պետք է բոլոր հպատակներին հավասար աչքով նայես, իսկ եթե տասին տանջես մեկի գլուխը շոյելու համար` թագավորությունդ կնմանվի խայտաբղետ արտի՚:
 
ԱՌԱՏ ՀԱՑԱՀԱՏԻԿԸ ՄԵԾ ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆ Է
 
Անշուշտ, հացահատիկի առատ բերքն ուրախություն է: 
Հացահատիկի առատ բերքը հույս է ներշնչում, որ ամենակարևոր մթերքը` հացը  մեր հանապազօրյա, չի թանկանա: Բայց որքան մեծ եղավ մեր զարմանքը, երբ շուկայում թոնրահաց վաճառողն արդարանալու համար, թե ինչու է հացը փոքրացրել, ասաց, որ ալյուրը թանկացել է: Մի մեծածախ առևտրի կետից հետաքրքրվեցինք:  Ասացին, որ մեկ ամիս է՝ ՙԱրմաշ՚-ի  50-կիլոգրամանոց պարկի գինը ավելացել է 500 դրամով, բացի այդ, ժամանակավորապես կասեցվել է Հայաստանից ալյուրի ներկրումը: ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը  հաստատեցին Հայաստանից ներմուծվող ալյուրի որոշակի թանկացումը` նշելով, որ Արցախում հացարտադրողները հիմնականում  օգտվում են տեղական ալյուրից, որի գինն անփոփոխ է մնացել: Տեղեկացանք նաև, որ մեր երկրում արտադրվող հացը բավարարում է մեր ազգաբնակչության պահանջարկը, այսինքն` մենք ինքնաբավ ենք  հացի տեսակետից: Բայց ափսոս, որ ցորենի մեծ շտեմարաններ չունենք, որպեսզի մի քանի տարվա պաշար կուտակենք: Պատերազմող երկրում դա առաջին լուծումներից մեկը պետք է լիներ:   
 
 
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ