[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐՑԱԽՈՒՄ ԱՌԿԱ Է ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՄԵԾ ՆԵՐՈՒԺ

surbik2.jpgԵվրասիական տնտեսական միության անդամ-երկրների հետ ապրանքաշրջանառության զարգացման ծրագրին նվիրված սեկցիոն քննարկումն անց էր կացնում ՙԻվենսենթր՚ ըկներության գլխավոր տնօրեն, համաժողովի օպերատոր Կարեն Իվանովը: 
Ծրագրի իմաստն այն է, որ ընկերությունը կարող է ցուցահանդես-վաճառքներ կազմակերպել Եվրասիական տնտեսական համագործակցության շրջանակներում: Մասնավորապես, կան հրավերներ Ռուսաստանի Դաշնությունից: Այս տարվա հոկտեմբերին պլանավորվում է այն անցկացնել  Միներալնիե Վոդի քաղաքում։ Վայրն ընտրվել է աշխարհագրական դիրքից ելնելով, քանի որ քաղաքը  գտնվում է Կրասնոդարի և Ստավրոպոլի արանքում: Արտադրողներին ընկերությունն առաջարկում է միանալ և մասնակցել ցուցահանդեսներին, որի նպատակն  է՝ հնարավորություն տալ ծանոթանալու ապրանքների պահանջարկին տարբեր շրջաններում: Ցուցահանդես-վաճառքից հետո ընկերությունը կարող է միջնորդ օղակ դառնալ ու հավաքական բեռներ ուղարկել տարբեր վայրեր: Գործնականում փոքր ծավալներ ունեցող  արտադրողներն իրացում կազմակերպելու հարցում կարող են համագործակցել ընկերության հետ՝  տնտեսելով տրանսպորտային ծախսերը: Այստեղ կարևոր է նաև այն հանգամանքը, որ աշխատանք տարվելու է մեկ անձի հետ, որն զբաղվելու է բոլոր խնդիրներով։ Գործարքը շահավետ է այլ ծախսերի ու ժամանակի խնայողության տեսանկյունից: Կառույցը փաստորեն զբաղվելու է արտահանման մեխանիզմի զարգացմամբ. Կ. Իվանովը գտնում է, որ այն պետք է լինի առևտրային կազմակերպություն, ինչը  կխթանի աշխատանքի արդյունավետությունը: Հեռանկարների մասին խոսելով՝  զեկուցողը նշեց, որ շուկան, ի դեմս եվրասիական պետությունների, անսպառ է:
 
* * *
 
surbik3.jpgՆիստերից մեկը նվիրված էր սննդամթերքի ոլորտի զարգացման հեռանկարներին: Այնտեղ զեկուցումով հանդես եկավ ԼՂՀ գյուղատնտեսության փոխնախարար Կարեն Աղաջանյանը։
 Լեռնային Ղարաբաղում շեշտը դրվում է ագրովերամշակման վրա: Այն դեռևս խորհրդային շրջանից և այժմ էլ համարվում է երկրի տնտեսության կարևորագույն ու բարձր արդյունավետությամբ աշխատող ճյուղերից մեկը: Ճիշտ է, հետպատերազմյան տարիներին զգալիորեն նվազել էին գյուղմթերքների վերամշակման արտադրական հզորությունների օգտագործման մակարդակն ու արտադրության ծավալները, սակայն վերջին տարիներին լրացուցիչ ներդրումների և արտադրանքի մրցունակության բարձրացման շնորհիվ համակարգի վիճակը որոշակիորեն  բարելավվեց: Բավական է նշել, որ 2009-2014 թվականների միջին  տարեկան տվյալներով սննդամթերքի (ներառյալ խմիչքները) արտադրությունն  ապահովել է մշակող արդյունաբերության ավելի քան 65, իսկ ամբողջ արդյունաբերության՝ շուրջ 26 տոկոսը:
ԼՂՀ-ում գործում են գյուղատնտեսական հումք վերամշակող ավելի քան երեք տասնյակ կազմակերպություններ, այդ թվում՝ պտուղ-բանջարեղեն, խաղող, կաթ, միս վերամշակող, ինչպես նաև բուսական յուղի արտադրության ու ալրաղացային ընկերություններ, որոնք արտադրության ծավալների ավելացման մեծ  ներուժ են պարունակում: Այսօրվա դրությամբ օգտագործվում է առկա արտադրական հզորությունների 45-50%-ը: Արտադրանքը հիմնականում ուղղված է ներքին պահանջարկի բավարարմանը։ surbik4.jpgԲայց արտադրական հզորությունների ընդլայնման,  տեսականու մեծացման ու արտադրանքի մրցունակության բարձրացման շնորհիվ հնարավոր է ոչ միայն ներմուծվող շատ պարենամթերքներ փոխարինել տեղական արտադրանքով, այլև նախադրյալներ ստեղծել արտահանման ուղղվածություն  ունեցող գյուղատնտեսության զարգացման համար: Կ. Աղաջանյանը ներկայացրեց հանրապետության կաթ, խաղող, պտուղ-բանջարեղեն մշակող ընկերություններին՝  հանգամանալից կանգ առնելով մշակման ծավալների ու հզորությունների վրա: Հացի և հացաբուլկեղենի պահանջարկը տեղական արտադրության հաշվին ամբողջությամբ բավարարվում է. ինքաբավության մակարդակն ավելի քան 125% է, իսկ ալյուրի արտադրությունը գերազանցում է տարեկան նվազագույն սպառման ծավալը 8,6 անգամ: Ցավոք, տեղական արտադրության հաշվին ինքնաբավության միջինից ցածր մակարդակ է ապահովվում կաթնաշոռի ու մակարոնեղենի մասով՝ համապատասխանաբար 41,6 ու 20,2%։ Ինքնաբավության ցածր մակարդակ է  ձևավորվել մսի և մսամթերքի, պանրի, բուսական յուղի, պաստերիզացված կաթի, կարագի, իսկ ծայրահեղ ցածր՝ ձավարեղենի մասով: 
 
 
Սրբուհի Վանյան