Logo
Print this page

ԱՐՑԱԽՅԱՆ ԲԻԶՆԵՍ-ՀԱՄԱԺՈՂՈՎ. ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐԹԱԿ

surbik1.jpgԱրցախյան բիզնես-համաժողովի անցկացումն արդեն ավանդական է դարձել: Հերթականն այս տարի  կայացավ հունիսի 26-28-ը: Հիշեցնենք, որ համաժողովը կազմակերպվում է Արցախի ներդրումային հիմնադրամի և Երևանի առևտրաարդյունաբերական պալատի համատեղ ուժերով: 
Ներկայացվող ոլորտների ցանկն ու մասնակից երկրների աշխարհագրությունը տարեցտարի ընդլայնվում են: Այս անգամ համաժողովին մասնակցում էին 100 պատվիրակներ 7 երկրներից, արցախցի գործարարներ, ԼՂՀ կառավարության ներկայացուցիչներ: 
Գործարար համաժողովի պաշտոնական բացման արարողությանը ներկա էր ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը: Ողջունելով մասնակիցներին՝  նա ասաց, որ կարևորում է նման նախաձեռնություններն՝ ուղղված Արցախի տնտեսության տարբեր ոլորտների զարգացմանը:
Նա հանդես եկավ Արցախի ներդրումային հնարավորությունների վերաբերյալ զեկույցով և հույս հայտնեց, որ իրականում համաժողովին մասնակից գործարարները մեր դեսպանները կդառնան աշխարհում  և իրենց շրջապատում կներկայացնեն  հանրապետության բիզնես-միջավայրը: Փոխվարչապետն ընդգծեց, որ ԼՂՀ-ն ունի բոլոր հնարավորությունները՝ հրավիրելու արտաքին ներդրողների և ապահովելու երկուստեք շահավետ համագործակցություն: Այս հարցում Ա. Աղաբեկյանը կառավարության անունից խոստանում է ՙարտահայտված աջակցություն՚ և անհատական մոտեցում: Նա ներկայացրեց արցախյան գործարար միջավայրի որոշ առանձնահատկություններ, որոնք կարող են հետաքրքրել համաժողովի մասնակիցներին: Դրանցից մեկն այն է, որ պետությունն անմիջական մասնակցություն է ունենում բիզնես-միջավայրի ձևավորման գործին, նպաստում ընթացքում ծագած խնդիրների լուծմանը՝ եթե այդ բիզնեսը նպաստում է ԼՂՀ տնտեսության զարգացմանը և քաղաքացիների բարեկեցության մակարդակի բարձրացմանը: Մեզ մոտ առկա են մի շարք այլ հնարավորություններ ևս (ինչպիսին արտոնյալ հարկային և վարկային քաղաքականությունն է), որոնք չեզոքացնելու կամ նվազագույնի հասցնելու են գալիս առկա տնտեսական ու քաղաքական ռիսկերը: ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը նշեց, որ վստահությունը Արցախի նկատմամբ այստեղ բիզնես հիմնադրելու տեսանկյունից ամրապնդվել է. այդ  մասին են վկայում Ռուսաստանից, Բելառուսից, Շվեյցարիայից և այլ երկրներից ժամանած գործարարների այցելությունները: Ինչպես անցյալ տարվա համաժողովին էր արտահայտվել, այս անգամ էլ Ա. Ալեքսանյանը խոսեց միջազգային շուկայում արցախյան բրենդի ձևավորման կարևորության և այդ ուղղությամբ Պալատի  կատարած ու շարունակվող աշխատանքների մասին: Արցախի ներդրումային հիմնադրամի գլխավոր տնօրենի տեղեկալ Մհեր Մխիթարյանը ներկայացրեց ԼՂՀ-ի  հետ համագործակցության հիմնական գերակայությունները, գործող ներդրումային միջավայրը, կառավարության տնտեսական քաղաքականությունը, որը նպատակաուղղված է երկրի մրցակցային առավելությունների բացահայտմանը և ներդրումների ծավալների ավելացմանը: Շեշտադրումը կատարվում է հարկային արտոնյալ պայմանների վրա. հյուրերը ծանոթացան երկրում գործող հարկատեսակներին, որպես առավելություն՝ ընդգծվեցին շահութահարկի, գույքահարկի ցածր տոկոսաչափերը, ներկայացվեցին արտաքին ներդրողների համար նախատեսված արտոնությունները՝ կախված ներդրումների ծավալներից ու  պետական երաշխիքներից: 
Այնուհետև կայացան B2B հանդիպումներ, որոնց  ընթացքում գործարարներն իրար հետ շփվելու, կոնտակտային տվյալներ փոխանակելու հնարավորություն ունեցան: Քննարկումները շարունակվեցին սեկցիոն նիստերում, որոնց ընթացքում տարբեր կազմակերպություններ ու Արցախի կառավարության ներկայացուցիչներ առավել մասնագիտացված և կոնկրետ հարցեր առաջադրեցին: Քննության առնվեցին Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների հետ ապրանքաշրջանառության ընդլայնման ծրագիրը, վարկերի սուբսիդավորման մեխանիզմները, ներդրումների պետական աջակցության և ինովացիոն բարձր տեխնոլոգիաների զարգացման թեմաները, Արցախի դեղագործական ոլորտի պահանջարկը, շինարարական համալիրի վիճակն ու պետական գնումների կազմակերպման մեխանիզմը, ինչպես նաև սննդամթերքի ոլորտի զարգացման հնարավութույուններն ու հեռանկարները:
Եռօրյա համաժողովի շրջանակներում գործարարներն այցելեցին նաև արդյունաբերական համալիրներ՝ Մետաքսկոմբինատ և Կարմիր շուկայում գործող ձեթի գործարան, եղան ՙԱրցախֆրութ՚ ընկերությունում: Հյուրերի համար կազմակերպվել էր մշակութաժամանցային ծրագիր. նրանք այցելեցին Շուշիի ազգային պատկերասրահ և մասնակցեցին ճանաչողական էքսկուրսիայի: 
                   * * *
B2B ձևաչափով գործարար հանդիպումների արդյունքներին ծանոթանալու նպատակով զրուցեցինք  գործարարներից ոմանց հետ, որոնք, պարզվեց, որ Արցախում առաջին անգամ են, բայց բավականին տպավորված են: Յուրի     Դիրկաչը  հյուրընկալվել էր Բելառուսից: Զբաղվում է խմորիչների արտադրությամբ և Արցախ է ժամանել գինեգործական և հացի արտադրություն ունեցող գործարարների հետ համագործակցելու առաջարկով: Ձեռնարկությունը միակն է ամբողջ Բելառուսում, որ նման գործունեություն է ծավալում ու բազմաթիվ երկրներում ունի գործընկերներ: Յու. Դիրկաչը հույս ունի, որ համագործակցություն կկայանա նաև արցախցի գործընկերների հետ: Կիսվելով տպավորություններով, գործարարը նշեց, որ Արցախն իրեն շատ է դուր եկել. հատկապես բացառիկ է բնությունը, և հույս ունի, որ գործարար շփումներին զուգահեռ՝ շփվելու հնարավորություն կունենա նաև բնության հետ: 
Անահիտ Շահմուրադյանը Երևանից է, բայց, ինչպես ինքը, այնպես էլ R&V comfort ընկերությունը ներկայացնող իր գործընկերները նույնպես առաջին անգամ են Արցախում: Ընկերությունն ավելի քան 20 տարի զբաղվում է շինանյութերի ներմուծմամբ, կատարում է նաև նախագծում: Այն խանութների ցանց ունի Երևանում, փորձում է համագործակցել նաև Արցախի հետ: Ա. Շահմուրադյանը  չի  բացառում ընկերության ղարաբաղյան մասնաճյուղի հիմնադրումը: Համոզված է, որ փոխշահավետ շփումներ կլինեն, քանի որ նախօրոք ուսումնասիրել են արցախյան շուկան և որոշ խնդիրների ու հեռանկարների արդեն տիրապետում են: Նրա խոսքով՝ Արցախում բոլոր ոլորտներում զարգացման հնարավորություններ կան, քանի որ շուկան նոր է, իսկ անմշակ դաշտը՝ լայն: 
 
 
Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.