[ARM]     [RUS]     [ENG]

ՎԵՐԱԾՆՆԴԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ՏԵՂԱԴՐՎԱԾ ՀՈՒՇԱՏԱԽՏԱԿԸ ՆՈՐ ՀԱՍՑԵ ԿՈՒՆԵՆԱ

Անահիտ Հայրապետյան

 Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղադրված հուշատախտակներին փակցված զոհված և անհայտ կորած զինվորների լուսանկարներները վնասվում են արևի ու տեղումների հետևանքով։ Այդ մասին մոտ մեկ ամիս է ահազանգում են քաղաքացիները։

<<Արցախյան երրորդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների>> միությունը նախաձեռնել է հուշատախտակներն առավել ապահով վայր տեղափոխելու գործը։

<<Այս թեման որոշ մարդիկ ժամանակ առ ժամանակ փորձում են շահարկել, ուստի մեր կազմակերպության նախաձեռնութամբ որոշել ենք թարմացնել նկարները և տեղադրել համապատասխան վայրում>>,- ասաց միության նախագահ Արմեն Ասրյանը։

Նրա հաղորդմամբ՝ քաղաքապետարանի համաձայնությամբ հուշատախտակը  տեղադրվելու է Ազատամարտիկների պուրակում, իսկ տեղափոխման գործընթացը կազմակերպվելու է ամենասեղմ ժամկետում։

Հադրութեցի Անյա Բալայանը, ով նույնպես լուսանկարների մեջ հարազատ դեմքեր է որոնում, ողջունում է  հուշատախտակը տեղափոխելու նախաձեռնությունը։

 << Հարազատների գունթափված լուսանկարները տեսնելով յուրաքանչյուրը խոր ցավ է ապրում>>,-ասաց նա։

Ասկերանի Ավետարանոց գյուղից տեղահանված  Վարդուշ Հովսեփյանն անթույլատրելի է համարում պատերազմում նահատակված զինվորների լուսանկարները պոլիէթիլենային ծածկոցով փակելը։

Ինչպես տեղեկացրեց Արմեն Ասրյանը՝ նախատեսվում է նաև լուսանկարների տպագրում պաստառների վրա, որոնք ավելի երկար կպահպանվեն։

 Բացի այդ, պատկան մարմիններին առաջարկ է  ներկայացվել Արցախյան շարժմանը նվիրված թանգարան ունենալու համար։

Լուսանկարների հավաքագրմամբ զբաղվում է <<Արցախյան երրորդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների>> միությունը, որն արդեն 300 զոհված կամ անհայտ կորած զինծառայողի ընտանիքի է այցելել։

Միության ղեկավարը հայտնեց, որ հարազատները կարող են զոհված զինծառայողների լուսանկարներն անձամբ ներկայացնել գրասենյակ, որը տեղակայված է Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատի շենքում։

Լուսանկարներն առցանց տարբերակով ուղարկելու հնարավորություն է ընձեռված կազմակերպության +374-77-26-78-72  հեռախոսահամարով՝ Viber և Whatsapp հավելվածներին կամ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։   էլեկտրոնային փոստի հասցեով։