[ARM]     [RUS]     [ENG]

ՇԻՆՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ

 Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով հանրապետության գրեթե բոլոր բնակավայրերում ռմբակոծությունից ու հրետակոծությունից բազմաթիվ բնակարաններ, շենք-շինություններ են տուժել։ ԱՀ քաղաքաշինության նախարարության կողմից նախօրոք կատարված ուսումնասիրությունների համաձայն, արդեն քանի ամիս սկսված և ընթացքի մեջ են այդ ուղղությամբ տարվող շինարարական-վերականգնողական աշխատանքները։

Ընդհանուր առմամբ՝ հանրապետության տարածքում հաշվառվել է պատերազմից տուժած 7064 շենք-շինություն, որի մեծ մասը` Ստեփանակերտում՝ 5264: Ասկերանի շրջանում՝ 375, Մարտունու` 925, Մարտակերտի` 500 ավերված շենք-շինություններ են գրանցվել: Ի՞նչ ծավալի և ո՞ր բնակավայրում են ներկայում շինաշխատանքներ ընթանում՝ փորձեցինք պարզել համապատասխան գերատեսչությունից։
Համաձայն ԱՀ քաղաքաշինության նախարարության տրամադրած տվյալների՝ այսօրվա դրությամբ շինվերանորոգման աշխատանքներ են ընթանում Ստեփանակերտ քաղաքի 1092 օբյեկտում, իսկ 388-ում նմանատիպ աշխատանքներն արդեն իսկ ավարտվել են:
Ասկերանի շրջանում 182 շինություններում ընթացող աշխատանքներից ավարտին են հասցվել 18-ը, Մարտունում` 344-ից 59-ը, իսկ Մարտակերտի շրջանում՝ 167 օբյեկտից շինվերանորոգման աշխատանքներն ավարտվել են 8-ում: Բոլոր տեսակի շինարարական աշխատանքները գտնվում են ԱՀ քաղաքաշինության նախարարության մասնագետների վերահսկողության տակ. նրանք պարբերաբար այցելելով շինհրապարակներ, վերահսկում, իրենց առաջարկություններն ու դիտողություններն են անում։
Հավելենք, որ աշխատանքներում ընդգրկված է 168 շինարարական կազմակերպություն։ Դրանցից մի քանիսը զբաղված են եվրոպատուհաններ և դռներ տեղադրելու գործով, մի մասը՝ տանիքները վերականգնելու, մի մասն էլ այլ շինվերանորոգման գործերով են զբաղված։ Բացի այդ, շինանյութեր են տրամադրվում այն քաղաքացիներին, ովքեր սեփական ուժերով կարող են և ցանկանում են վերանորոգել իրենց բնակարանները։
ԱՀ քաղաքաշինության նախարարությունից հավաստիացնում են, որ մինչև տարեվերջ կբավարարվեն հայտեր ներկայացրած բոլոր քաղաքացիների դիմումները։