Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

ԱՀ նախագահի ուղերձի շեշտադրումները

Գայանե Գևորգյան,

Լուսանկարները՝ Ռուսլան Սարգսյանի

 Արցախի և Հայաստանի իշխանությունները պարզապես պարտավոր են իրար հետ նորմալ հարաբերություններ պահպանել՝ անկախ այն հանգամանքից, թե ովքեր են ու ինչ ուժեր են իշխանության եկել: Այս մասին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, հունիսի 22-ի իր ուղերձում նշել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով Արցախի և Հայաստանի Հանրապետությունների իշխանությունների  հարաբերությունների վերաբերյալ վերջին օրերի շահարկումներին: «Նախ՝ ինչպե՞ս եք պատկերացնում առանց Հայաստանի Հանրապետության հետ համագործակցության՝ ներդաշնակ աշխատանք ու 35000 քաղաքացու սոցիալ-կենցաղային խնդիրների լուծումը: Նման խնդիրների պատճառով Մարտակերտի և Շահումյանի շրջանի տասնյակ հազարավոր մեր հայրենակիցներ զրկվել են մեր երկրում ապրելու հնարավորությունից»,-ընդգծել երկրի ղեկավարը՝ նշելով, որ ներկայում յուրաքանչյուր օր և ժամ նշանակություն ունի տեղահանվածների խնդիրների լուծման ու վերադարձի կազմակերպման գործում:Ուստի անկախ քաղաքական պրոցեսներից, դրա համար պետք է ներդաշնակ աշխատանք տարվի: «Պատմությունը ցույց է տվել, թե ինչ հետևանքներ կարող է լինել այդ մակարդակի երկպառակտության պատճառով, էլ չեմ ասում Հայաստանի Հանրապետությունն ինչ դերակատարություն ունի Արցախի հետպատերազմյան սոցիալ-տնտեսական վերականգնման ու զարգացման գործում, բյուջետային եկամուտների ապահովումից մինչև բնակարանային, սոցիալական աջակցության ծրագրեր»,-ասաց Արայիկ Հարությունյանը:

Նախագահը հայտարարեց, որ եղել է ոչ միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում, այլ նաև հանդիպումներ է ունեցել Գագիկ Ծառուկյանի, Հրանտ Բագրատյանի, Արամ Սարգսյանի, Էդմոն Մարուքյանի, Սամվել Բաբայանի և այլոց հետ: Ընդ որում՝ պահպանելով չեզոքությունը և միայն քվեարկությունից հետո է հանդիպումներ ունեցել: «Պարզապես միայն ՔՊ կուսակցության գրասենյակում են լրագրողներն ինձ տեսել: Հորդորում եմ մեր ժողովրդին չտրվել նման սադրանքների: Ես քաջ գիտակցում եմ, որ պարտավոր եմ պահպանել քաղաքական չեզոքությունը, և ողջ նախընտրական փուլում հավատարիմ եմ մնացել դրան, ավելին ընդունել եմ Արցախի պաշտոնյաների իրավունքը սատարել այս կամ այն քաղաքական ուժին: Արցախը եղել է և պետք է մնա հայությունը միավորող գործոն»,-ասաց նախագահը՝ Հայաստանի բոլոր քաղաքական ուժերին հրավիրելով գալ Արցախ և պատրաստակամություն հայտնեց՝ հանդիպելու բոլորին և քննարկել Արցախի ապագան: Այնուհետև Արցախի Հանրապետության նախագահն անդրադարձավ երկրի սոցիալ-տնտեսական, արտաքին ու ներքին մարտահրավերներին և անելիքներին:

Նախագահի խոսքով՝ հետպատերազմյան ամիսների ընթացքում տեսանելի է,որ գլխավոր առաջնահերթությունը երկրի անվտանգությունն է և ռուս խաղաղապահների և Արցախի պաշտպանության բանակի զինծառայողների ջանքերով հաջողվել է ապահովել որոշակի անվտանգ միջավայր, որի շնորհիվ արցախցիների հիմնական մասը վերադարձել է հայրենիք: «Երկարաժամկետ անվտանգության երաշխավորման մասով մեր հստակ դիրքորոշումն է, որ ռուս խաղաղապահները պետք է անհրաժեշտ երկար ժամանակով մնան Արցախում և ապահովեն մեր անվտանգությունը: Մենք նաև ջանքեր ենք գործադրում մեր սեփական Զինված ուժերի բարեփոխման ու ամրապնդման ուղղությամբ»,-շեշտեց Արայիկ Հարությունյանը: Խոսելով արտաքին քաղաքական օրակարգից, երկրի ղեկավարը վերահաստատեց դիրքորոշումը, որ Արցախի Հանրապետությունը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, ինչը պարզապես բացառվում է: Բացի այդ, պայքար է տարվում Արցախի անկախության միջազգային ճանաչման ուղղությամբ: Կարևորագույն քաղաքական առաջնահերթություններ են նաև Արցախի բռնազավթված տարածքների դեօկուպացիան, տեղահանված անձանց վերադարձն իրենց տներ:

Պատասխանելով վերջին օրերին իր հրաժարականը պահանջող քաղաքացիների կոչերին ԱՀ Նախագահը նշեց. «Թեև գիտակցում եմ նաև այժմ օդում կախված բազմաթիվ մարտահրավերները, թեև այս թեմայով շահարկումներն ու անհեռատեսությունը խիստ ընդգծված է, թեև շահարկող հանրային պահանջի քննարկման արդյունքներ չկան, այնուամենայնիվ, ես պատրաստվում եմ առաջիկա օրերին հրավիրել քաղաքական հանրային կոնսուլտացիաներ այդ հարցերի շուրջ, և արդյո՞ք Արցախի Հանրապետությունը պատրաստ է պատշաճորեն ու արժանապատվորեն հաղթահարել նախագահական ու խորհրդարանական ընտրությունների ծանր դժվարությունները: Եթե եզրահանգումը դրական լինի, ապա օր առաջ կատարում եմ իմ խոստումը:

Հիմարություն կլինի կարծել, թե հաճույք եմ ստանում ներկա իրավիճակից, թե ես որևէ անձնական շահագրգռվածություն ունեմ շարունակել պաշտոնավարումս, թե կառչած եմ աթոռից, ամենևին՝ ոչ»,-ասաց Արայիկ Հարությունյանը՝ հավելելով, որ իրեն պատասխանատու է զգում ժողովրդի ու հաջորդ սերունդների առջև՝ այնքան, որպեսզի իր հուզական ու անհեռատես փախուստով չկործանի պետականությունը,և որ հանակարծ, իի հրաժարականը պահանջող անձինք ներառյալ, չմնան պետականության փլատակների տակ: Վերջում երկրի ղեկավարը ներողություն է հայցել Արցախի ժողովրդից՝ թույլ տրված սխալների ու բացթողումների համար՝ նշելով, որ հանիրավի է իրեն դավաճանության ու անգործության մեջ մեղադրելը: Արայիկ Հարությունյանը նաև իր խոնարհումն է հայտնել բոլոր նահատակների հիշատակի առջև և նրանց հարազատներին: Արցախի անվտանգության ապահովման, սոցիալ-տնտեսական կյանքի վերականգնման հիմնախնդիրների լուծման գործում ներդրման համար նախագահը շնորհակալություն հայտնել նրանց, ովքեր պատերազմից հետո տեսանելի ու անտեսանելի ջանքեր ներդրեցին: «Հատուկ շնորհակալություն եմ հայտնում ՌԴ նախագահին, խաղաղապահ ուժերին, նրան ղեկավար՝ Ռ. Մուրադովին, որոնք այսօր պահում են մեր անդորրը: Մենք դեռ երկար ու դժվար ճանապարհ ունենք անցնելու իրար հետ՝ միայն չկորցնենք ողջախոհությունն ու միասնականությունը»,-եզրափակեց նախագահը, ապա ներկաներին կոչ արեց միասին քայլերթ կազմակերպել դեպի Եղբայրական գերեզմանոց, որտեղ ծաղիկներ խոնարհեցին և հարգանքի տուրքը մատուցեցին Արցախյան պատերազմների նահատակների հիշատակին: