[ARM]     [RUS]     [ENG]

Հանրապետությունում աճել է ճանապարհատրանսպորտային դեպքերի թիվը

Հանրապետությունում հունիսի 21-ից 27-ն ընկած ժամանակահատվածում նախորդ շաբաթվա համեմատ աճել են ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքերը: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից՝մանրամասնելով, որ Արցախի տարածքում գրանցվել է 39 ճանապարհատրանսպորտային պատահար, որից 28-ը նյութական վնասով, 11-ը՝ մարմնական: ՃՏՊ դեպքերի հետևանքով բուժհաստատություն է դիմել 22 քաղաքացի: Նշված ժամանակահատվածում ճանապարհային ոստիկանները պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել 28 տրանսպորտային միջոց։ Անցած շաբաթվա ընթացքում հանրապետության տարածքում արձանագրվել է խարդախության՝ 4, գողության՝ 2, մարմնական վնասվածքի՝ 8, ԱՏՄ-ի փախցման՝ 1, զենք-զինամթերքի կամավոր հանձնման՝ 2, զենք-զինամթերքի հայտնաբերման՝ 1, թմրանյութի հայտնաբերման՝ 4, ապօրինի ծառահատման՝ 1 և որսագողության՝ 1 դեպք: Ոստիկանության ստորաբաժանումների օպերատիվ խմբերը օրենքով սահմանված կարգով ընթացքավորել են գրանցված դեպքերը։ Ընդհանուր առմամբ՝ Հերթապահ մասում դեպքերի կամ պատահարների վերաբերյալ գրանցվել է 38 հաղորդում: Համակարգի ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում՝ բացահայտվել է նախկինում կատարված հանցագործությունների 2 դեպք: ՆԳ նախարարության ոստիկանության քաղաքային ու տարածքային բոլոր ստորաբաժանումները շարունակել են իրականացնել ուժեղացված ծառայություն: