[ARM]     [RUS]     [ENG]

ԱՀ դատախազությունը զգոնության կոչ է անում

 

Չնայած ձեռնարկվող ջանքերին՝ «facebook.com», «odnoklassniki.ru» սոցիալական ցանցերի, հայաստանյան բջջային օպերատորների կողմից տրված բջջային հեռախոսահամարներով զանգերի միջոցով խարդախությամբ քաղաքացիներից գումար հափշտակելու դեպքեր գրանցվում են գրեթե ամեն օր: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության գլխավոր դատախազաւոթյան հանրային կապերի բաժնից՝ հավելելով, որ վերջին ամիսներին բավականին մեծ տարածում են գտել սոցիալական ցանցերի միջոցով քաղաքացիների հետ կապ հաստատելու, վստահություն ձեռք բերելու և խաբեության եղանակով վերջիններից տարբեր չափերի գումար հափշտակելու դեպքերը։ ,,Արցախի Հանրապետության դատախազության և ներքին գործերի նախարարության կողմից պարբերաբար տեղեկություններ են հրապարակվում այդօրինակ երևույթների մասին՝ այդպիսով նաև զգոնության, գրավիչ թվացող կեղծ հրապարակումներն ու խղճահարույց բովանդակություն ունեցող հեռախոսազանգերը սթափ գնահատելու կոչ անելով մեր համերկրացիներին։: Դրանք հիմնականում կատարվում են տարբեր ապրանքների առցանց վաճառքի կեղծ խոստման, իբր արցախցիների համար նախատեսված աջակցությունը ՀՀ-ից Արցախ հասցնելու դիմաց վճարելու, զինվորի փոխանցելու համար փոխառությամբ գումար խնդրելու և կեղծ ու ստահոդ այլ պատճառաբանությունների գործադրմամբ: Գումարը փոխանցելուց հետո սոցիալական ցանցի համապատասխան էջերն անմիջապես ապաակտիվանում են, իսկ հեռախոսահամարները` դառնում անհասանելի: Հատկանշական է, որ վերջերս հանցավոր նման արարքների կատարմամբ զբաղվող հանցավոր խումբ է բացահայտվել նաև ՀՀ-ում,,,-մանրամասնում են ԱՀ գլխավոր դատախազությունից՝ կոչ անելով ցուցաբերել քաղաքացիական բարձր գիտակցություն և կազմակերպվածություն, անծանոթ անձանցից կամ սոցիալական ցանցերի օգտատերերից ստացված հեռախոսազանգերի ու հաղորդագրությունների բովանդակությունը գնահատել առավելագույն սթափությամբ և առանց ավելորդ հուզականության, ֆինանսական միջոցների փոխանցման հետ կապված ցանկացած առաջարկ քննարկել բացառապես անձի ինքնությունը լիարժեք բացահայտելուց և առաջարկվող ծառայության իրական լինելու մեջ համոզվելուց հետո: Կասկածահարույց զանգերի ու հաղորդագրությունների դեպքում առանց գումար փոխանցելու՝ հաղորդել ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությանը: