[ARM]     [RUS]     [ENG]

Բազմաբնակարան շենքերի և տների կառուցումն ու օտարումն ազատվել են ավելացված արժեքի հարկից

 
«Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում 2021թ. հուլիսի 1-ից կատարված փոփոխության համաձայն՝ մինչև 2026 թվականի հունվարի 1-ը ավելացված արժեքի հարկից ազատվում են Արցախի Հանրապետության տարածքում բազմաբնակարան շենքերի, անհատական բնակելի տների, ապաստարանների և թաքստոցների նախագծային փաստաթղթերի մշակումը, կառուցումը և (կամ) օտարումը: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեից՝ հավելելով, որ օրենքի գործողությունը մասնավորապես տարածվում է Արցախի Հանրապետության տարածքում բազմաբնակարան շենքեր, անհատական բնակելի տներ, ապաստարաններ և թաքստոցներ կառուցապատողների ու նրանց հետ նախագծային աշխատանքների կամ շինարարական կապալի պայմանագրեր կնքած կապալառու հանդիսացող անձանց վրա: Օրենքի անցումային դրույթի համաձայն՝ մինչև 2021թ. հուլիսի 1-ը կառուցված (այդ թվում` անավարտ (կիսակառույց)) բազմաբնակարան շենքերի, անհատական բնակելի տների, ապաստարանների ու թաքստոցների, այդ թվում՝ դրանց մասով մշակված նախագծային փաստաթղթերի 2021թ. հուլիսի 1-ից հետո օտարման (պատվիրատուներին հանձնման) գործարքները ևս ազատվում են ավելացված արժեքի հարկից: Ընդ որում, մինչև 2021թ. հուլիսի 1-ը մատակարարների հարկային հաշիվներում առանձնացված և հաշվանցված ավելացված արժեքի հարկի գումարները հարկ վճարողների կողմից ենթակա են վերաձևակերպման ամսական ավելացված արժեքի հարկ վճարողների կողմից հուլիս ամսում, իսկ եռամսյակային ավելացված արժեքի հարկ վճարողների կողմից՝ 3-րդ եռամսյակում: