[ARM]     [RUS]     [ENG]

ԱՌԱՋԻԿԱ ՕՐԵՐԻՆ ԿԱՆԽԱՏԵՍՎՈՒՄ Է ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆԻ ԿՏՐՈՒԿ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ

Զարինե Մայիլյան

Ինչպես պաշտպանվել ամառային տապից

Ամառային շրջանում, հատկապես հուլիս-օգոստոս ամիսներին, որպես կանոն, օդի ջերմաստիճանը մեր տարածաշրջանում բարձրանում է, իսկ առանձին օրերի էլ գրանցվում է ջերմաստիճանի կտրուկ բարձրացում։ Ինչպես հայտնում են հիդրոօդերևութաբանները, առաջիկա օրերին Սահարա անապատից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված` Հայաստանն ու Արցախը կգտնվեն տաք օդի ալիքի ազդեցության գոտում, ինչի արդյունքում կդիտվի ջերմաստիճանի կտրուկ բարձրացում: Իսկ օդի բարձր ջերմաստիճանը, ուլտրամանուշակագույն ճառագայթները, բնականաբար, բացասաբար են անդրադառնում մարդու օրգանիզմի վրա։
Մասնագետները խորհուրդ են տալիս ամառվա տապին հետևել որոշակի կանոնների՝ օդի բարձր ջերմաստիճանի, ուլտրամանուշակագույն ճառագայթների բացասական ազդեցությունը մեղմելու համար։ Ընդհանրապես, արևի ուղիղ ճառագայթների տակ մարդու օրգանիզմի անոթները լայնանում են, արյան հոսքն ընթանում է գլխից դեպի ստորին օրգաններ, ինչի հետևանքով առաջանում են տարբեր բարդություններ։ ԱՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ Օֆելյա Հարությունյանի պարզաբանմամբ՝ ջերմաստիճանի բարձրացումը խթանում է նաև վարակիչ հիվանդությունների տարածումը։ Ամռան ամիսներին մեծանում է սննդային թունավորումների առաջացման ու տարածման վտանգը, քանի որ շոգ եղանակը հարուցիչների բազմացման համար լավ նախապայման է։ Այդ առումով առավել վտանգավոր է սննդամթերքի բացօթյա պատրաստումը և վաճառքը, ինչի հետևանքով հնարավոր է դրա մանրէային երկրորդային աղտոտում, որն էլ առաջացնում է սննդային գործոնով պայմանավորված աղիքային վարակիչ հիվանդություններ՝ դիզենտերիա, սալմոնելոզ, շիգելոզ և այլն, ինչպես նաև թունավորումներ։ Ինչպես մեզ տեղեկացրեց Օ. Հարությունյանը, բարեբախտաբար, հանրապետությունում աղիքային թունավորման և վարակիչ հիվանդությունների դեպքեր չեն արձանագրվել։ Դա պայմանավորված է նաև COVID-19 համավարակի դեմ Արցախում իրականացվող կանխարգելման և վարակազերծման աշխատանքների հանգամանքով։ Այնուամենայնիվ, մասնագետները խորհուրդ են տալիս բնակչությանը լինել զգոն՝ ամառային շոգ օրերին հետևել որոշակի կանխարգելիչ կանոնների։ Կարևոր է հատկապես խուսափել արևի ուղիղ ճառագայթներից 12.00¬17.00¬ն ընկած ժամանակահատվածում։ Ցերեկվա ամենաշոգ ժամերին պետք է խուսափել բացօթյա ծանր ֆիզիկական աշխատանքից, իսկ ամենօրյա, սովորական աշխատանքները կատարել օրվա համեմատաբար զով ժամերին։ Քանի որ օդի ջերմաստիճանի բարձրացումից մարդու օրգանիզմի անոթները լայնանում են, և պառկած դիրքում դյուրին է դառնում արյան շրջանառությունը, մասնագետները երեխաներին, հղիներին, ծերերին և քրոնիկ հիվանդություններով տառապողներին խորհուրդ են տալիս ցերեկվա տապի ընթացքում պառկել կամ քնել։ Ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանվելու համար պետք է կրել բաց գույնի, փակ և լայնեզր գլխարկ կամ օգտվել հովանոցից։ Ինչ վերաբերում է հագուստին, ապա նախընտրելի է հագնել սպիտակ կամ բաց երանգների ազատ, օդաթափանց և բամբակյա կտորից հագուստ։ Պետք է նաև բացառել արևի տակ կայանված փոխադրամիջոցներում երկար մնալն ու երեխաներին փակ պատուհաններով ավտոմեքենաներում թողնելը։
Մեր զրուցակցի պարզաբանմամբ՝ շոգի ազդեցությունից մարդու օրգանիզմն առաջին հերթին բավականին շատ հեղուկ է կորցնում, ուստի անհրաժեշտ է օգտագործել շատ հեղուկ (մինչև 3 լիտր ջուր)։ Սակայն չպետք է չարաշահել կոֆեին և շաքար պարունակող ըմպելիքները։ Սրտանոթային կամ միզասեռական համակարգի հիվանդություններով տառապող անձինք շատ հեղուկ ընդունելուց առաջ պետք է խորհրդակցեն իրենց բուժող բժշկի հետ։ Ամառվա տապին մասնագետները հորդորում են օգտագործել հնարավորինս շատ թարմ մրգեր, բանջարեղեն, կանաչեղեն։ Մրգերի մեծ մասը պարունակում է 90% ջուր և մեծ քանակությամբ վիտամիններ, միներալներ։ Ծարավը հագեցնող լավագույն միջոցներից է բանջարեղենը, որից՝ վարունգը պարունակում է 97% ջուր, լոլիկը՝ 95%, իսկ ցածր յուղայնությամբ կաթնամթերքը և յոգուրտը մինչև 90% ջուր։ Խորհուրդ է տրվում օգտագործել ռեհան, որն օգնում է հաղթահարել հոգնածությունը, անքնությունն ու դյուրագրգռությունը։ Բժիշկ-սննդաբանների կարծիքով՝ ամառվա տապին լավագույն զովացուցիչ ըմպելիքը սառույցով թեյն է։ Այն պարունակում է հակաօքսիդանտ նյութեր, որոնք օգնում են պաշտպանվել սրտանոթային հիվանդություններից։
Տոթ օրերին անհրաժեշտ է հաճախակի լվացվել կամ ցնցուղ ընդունել, հետևել հիգիենայի կանոններին, սննդամթերքն օգտագործելուց առաջ լավ լվանալ հոսող ջրով ու պահել սառնարանային պայմաններում։ Սննդամթերքը պետք է լինի թարմ և ոչ ժամկետանց։ Իսկ բացօթյա պայմաններում պատրաստվող և վաճառվող սննդամթերքից պետք է խուսափել, հատկապես տեղում պատրաստվող պաղպաղակից, զովացուցիչ ըմպելիքներից և այլնից։ ԱՀ առողջապահության նախարարության մասնագետներն զգուշացնում են, որ աղիքային վարակիչ հիվանդությունների հարուցիչներն են մանրէները, վիրուսներն ու մակաբույծները։ Ուստի պետք է լինել չափազանց զգոն, որովհետև աղիքային վարակիչ հիվանդությունները տարածվում են սննդի, ջրի, սպասքի, կենցաղային այլ իրերի, կեղտոտ ձեռքերի, ճանճերի միջոցով։ Վարակի աղբյուրը հիվանդ մարդն է, իսկ հիվանդության առաջին նշաններն են ջերմության բարձրացումը, սրտխառնոցը, փսխումը, որովայնի շրջանում ցավը, լուծը, ընդհանուր թուլությունը և այլն։ Աղիքային վարակիչ հիվանդություններից զերծ մնալու համար անհրաժեշտ է հետևել հիգիենայի տարրական կանոններին, ինչպես նաև սննդամթերքի օգտագործման ու պահպանման սահմանված ձևերին։ Ախտանշանների դեպքում պետք է դիմել բժշկի և խստորեն պահպանել անձնական հիգիենայի ու բուժման կանոնները։ Ամեն դեպքում ամառային տապին պետք է լինել զգոն, հետևել վերոնշյալ կանխարգելիչ կանոններին՝ օդի բարձր ջերմաստիճանի բացասական ազդեցության հետևանքով ծագող հնարավոր խնդիրներից խուսափելու համար։