[ARM]     [RUS]     [ENG]

Առաջիկայում շահագործման կհանձնվի Ստեփանակերտի նոր ծննդատունը

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հուլիսի 26-ին, առողջապահության նախարար Միքայել Հայրիյանի, ԱՀ նախագահի խորհրդական Լիլիթ Հակոբջանյանի, պետական նախարարի խորհրդական Դավիթ Հակոբյանի ուղեկցությամբ, այցելել է Ստեփանակերտի Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն, այնուհետև հանդիպել բուժանձնակազմի հետ։

Ինչպես տեղեկացրել են ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից` շրջայցի ընթացքում պետական նախարարը ծանոթացել է ստացիոնար պայմաններում հսկողության տակ գտնվող ծննդկանների առողջական վիճակով, շնորհավորելփոքրիկների ծննդի առթիվ, հետաքրքրվել նրանց բուժսպասարկման ընթացքով և մաղթել առողջություն։ Կենտրոնի գլխավոր տնօրեն Վարդգես Օսիպովը ներկայացրել է տեղեկություններ հաստատության կողմից իրականացվող ծառայությունների, ինչպես նաև միջանկյալ լուծումներ պահանջվող խնդիրների մասին։ Բուժանձնակազմի հետ հանդիպմանը Ա. Բեգլարյանը, մասնավորապես, նշել է. ՙԱռաջիկայում շահագործման կհանձնվի նոր ծննդատունը։ Թեպետ 44-օրյա պատերազմի ընթացքում ծննդատան նոր մասնաշենքին լուրջ վնասներ են հասցվել, սակայն դա չի փոխել կառավարության մոտեցումները։ Մենք պատրաստվում ենք պետական և բարեգործական ներդրումների շնորհիվ նոր սարքավորումներով և ենթակառուցվածքներով արդիական ծննդատուն ունենալ։ Իմ պատկերացմամբ, քաղաքացիներին պատշաճ բուժսպասարկում ապահովելու համար կարևորագույն պայմաններից մեկը բուժանձնակազմի կարողությունների շարունակական բարձրացումն է։ Ոչ պակաս կարևոր հարցերի շարքում է բոլոր օղակներում հաղորդակցության մեխանիզմների արդյունավետության բարելավումը։ Մեզ համար սկզբունքային հարց է նաև բուժաշխատողների վարձատրության համակարգը խթանող ու մրցակցային դարձնելը, որի շուրջ նախնական մշակումներ արդեն իսկ ունեցել ենք։ Կարևոր եմ համարում նաև կանխարգելիչ առողջապահության ուղղությամբ աշխատանքները և հանրային իրազեկվածության մակարդակի բարձրացումը։ Ոչինչ չենք խնայելու արդյունավետ առողջապահության համակարգ ունենալու համար գրավիչ միջավայր և անհրաժեշտ պայմաններ ստեղծելու հարցում։ Վստահ եղեք, որ ցանկացած հիմնարար որոշում կայացվելու է ներառական ու պրոֆեսիոնալ գործընթացների արդյունքում՚,- նշել է պետական նախարարը։

Իր հերթին առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը կարևորել է մատուցվող ծառայությունների որակի շարունակական բարձրացումը, էլեկտրոնային բժշկության համակարգի ներդրումը, նշելով, որ առաջիկայում նախատեսվում են ծրագրային լուրջ բարեփոխումներ։

Հանդիպման վերջում պետական նախարարը պատասխանել է բուժաշխատողներին հուզող հարցերին, տեղի է ունեցել շահագրգիռ քննարկում մի շարք օրախնդիր հարցերի շուրջ։