[ARM]     [RUS]     [ENG]

ԻՄ ԴԱՍԱՐԱՆԻՑ ԲԱՑԱԿԱ ԵՐԵԽԱ ՉԿԱ

Գայանե ԳԵՎՈՐԳՅԱՆ

 Գիտելիքի և դպրության օրը Ստեփանակերտի Խ. Աբովյանի անվան հ. 1 հիմնական դպրոցում, թվում է, ամեն տարվա նման է: Նույն կերպ` երեխաները զվարթ, կարոտած` ուսուցչուհուն և դասընկերներին,  ծաղկեփնջերով, իրենց սիրելի ուսուցիչներին դիմավորելու են գնում: Մեծերն էլ փորձում են երեխաների այդ անհոգությունն ու օրվա կարևորությունը կիսել` հոգու խորքում անթեղելով ցավն ու մորմոքը և այն միտքը, որ քանի՜-քանի երեխաների իրենց հայրերը դպրոց չեն ճանապարհում…

Ինչևէ, սա Գիտելիքի օրն է… ու պարզապես ասել, թե ինչքան կարևոր է Գիտելիքը, մանավանդ մեր փոքր երկրի համար, քիչ է: Այն ոչ միայն կարևոր է, այլև` թթվածնի նման անհրաժեշտ:

Նույն դպրոցի վաստակաշատ ուսուցչուհի Անուշ Անաստասյանն իր մտքերն է կիսում. “Օրը միանշանակ տարբերվում է նախորդ տարիների սեպտեմբերի 1-ից: Դեռ թարմ է կորստի ցավը, հիշողությունները, մի կողմից էլ` այս օրը ևս մի հույսի ու հավատի նշույլ է արթնացնում: Երեխաներն այստեղ են (իմ դասարանից ոչ մեկը չի արտագաղթել), նրանք պատրաստակամ են գիտելիքով զինվելու: Ես հավատում եմ, որ նրանք մեր ապագան կերտողներն են, մեր երկրին անխոնջ ծառայող ապագա բժիշկները, ուսուցիչները, զինվորականները… Երեխաներն այստեղ են, նրանց նայելով մենք ամրանում ենք, ոգեշնչվում: Ինչքան փորձեն մեզ ընկճել, մենք պիտի պայքարենք ու հակակշիռ ստեղծենք… Սա մեր երկիրն է”:

Ծնող Իննա Սարգսյանը ևս լիահույս է. “Հավատում եմ, որ, ի վերջո, ամեն ինչ իր հունով կընթանա, որ երեխաները հաջողությամբ ու խաղաղությամբ կանցկացնեն այս ուսումնական տարին: Բոլոր աշակերտներին մաղթում եմ նոր ու կայուն գիտելիքների ձեռքբերում”:

Այս օրը, ավանդույթի համաձայն, բոլոր դպրոցներում անցկացվում են Արիության դասեր, աշակերտներին ևս մեկ անգամ ներկայացվում է 1991թ. Արցախի Հանրապետության հռչակման օրվա դերն ու նշանակությունը:

Նշենք նաև, որ Ստեփանակերտի Խ. Աբովյանի անվան հ. 1 հիմնական դպրոցում սովորում է մոտ 1800, իսկ առաջին դասարան է հաճախել 163 աշակերտ: