[ARM]     [RUS]     [ENG]

ԿՅԱՆՔՍ` ԿՅԱՆՔԻԴ ՀԱՄԱՐ

Գայանե ԳԵՎՈՐԳՅԱՆ

 Ե. Չարենցի անվան 7-րդ դպրոց. արդեն որերորդ հուշատախտակի բացման արարողություն: Հուշատախտակից խորաթափանց հայացքով նայում են դպրոցի անմահացած 16 քաջորդիները:  Ամեն խոսք ու շունչ լի է կորստի ցավով, ծնողների մորմոքով:

Դպրոցի տնօրեն Անահիտ Պողոսյանը հուզմունքը չի թաքցնում. տղաներից շատերն իր սանիկներն են եղել, ամեն մեկը մի ճրագ, հայրենանվեր անհատականություն:

Դպրոցի սաների ելույթներում և փոքրիկ բեմականացման մեջ պատերազմի դառը հետևանքներն են, բայցև դեպի լուսավոր ապագան նայելու վճռականությունը: Քանի կանք այս հողի վրա, այնքան պարտված չենք:

Միջոցառմանը ելույթ ունեցան դպրոցի վաստակաշատ ուսուցչուհի Ա. Թամրազյանը, Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միության տնօրեն Վերա Գրիգորյանը, ով դպրոցի տնօրենին հանձնեց “Հավատ և Հայրենիք”  մեդալը, Ստեփանակերտի Աստվածամոր տաճարի հոգևոր հովիվ Տեր Ներսես քահանա Ասրյանը:

Իր խոսքում նա նշեց.

-Որպես հոգևորական ավելի քան հասկանում եմ այս ցավը: Բոլորս էլ վիրավոր սիրտ ունենք, բայց մի կարևոր հանգամանք չպիտի բաց թողնենք` աշխարհում հենց այնպես ոչինչ չի կորչում: Որպես քրիստոնյա գիտակցում ենք, որ չկա մահ հասկացություն. գոյություն ունի երկրային կյանքից հավիտենական կյանքի անցում:

Քրիստոս ասում է` չկա ավելի մեծ սեր, քան այն, որ մեկն իր կյանքը տալիս է մերձավորի համար: Դրանից ավելի մեծ սեր գոյություն չունի: Այսօր կանգնած ենք մեծագույն սեր ունեցողների նկարների առջև` այն գիտակցությամբ, որ ունենք պարտք: Բոլորս պարտք ենք մեր նահատակներին, որպեսզի թույլ չտանք, որ այս ամենն անցնի իզուր: Նրանց շնորհիվ է, որ այսօր Արցախի Հանրապետության 30 ամյակը, ճիշտ է, վիրավոր սրտերով, բայց դիմավորում ենք Արցախում”: 

 

Մեր խոնարհումը բոլոր նահատակներին, նրանց անմահ գործին: