[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՀ ԳԱԱ-ՈՒՄ

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ

 Աշխատանքային այցով Երևանում է գտնվում Արցախի գիտական կենտրոնի տնօրեն Անյուտա Սարգսյանը։  Սեպտեմբերի 13-ին տեղի է ունեցել նրա հանդիպումը՝ ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանի հետ։

Հանդիպմանը ներկա են եղել գիտության գործիչներ, մասնավորապես՝ Հ. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի տնօրեն, կենսաբանական գիտությունների թեկնածու Նաիրա Այվազյանը, երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրեն, երկրաբանական գիտությունների դոկտոր Խաչատուր Մելիքսեթյանը, ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի տնօրեն, ֆիզիկական գիտությունների թեկնածու Տիգրան Զաքարյանը և արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Ռոբերտ Ղազարյանը։

Քննարկվել է Արցախի գիտական կենտրոնում նոր լաբորատորիաներ  ստեղծելու հարցը։ Մասնակիցներից յուրաքանչյուրն իր պատրաստակամությունն է հայտնել հնարավորության սահմաններում գործին աջակցելու, Արցախի գիտական կառույցի զարգացմանը նպաստելու համար։     

Ա. Սաղյանը շեշտել է պարբերաբար նման հանդիպումներ անցկացնելու և այդպիսով ոլորտի զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքներն առավել նպատակային ու արդյունավետ դարձնելու կարևորությունը: