[ARM]     [RUS]     [ENG]

Մինչև երբ կշարունակվեն էլեկտրաէներգիայի անջատումները

Անի Մնագասարյան

Արցախում էլեկտրամատակարարման խափանումների պատճառը ոչ միայն պատերազմի ընթացքում ենթակայանին հասցված լուրջ վնասն է, այլ նաև՝ կայծակի հետևանքով օրերս տեղի ունեցած վթարը։ Այս մասին ՙԱզատ Արցախ՚-ի հետ զրույցում ասաց ՙԱրցախԷներգո՚ ՓԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Տիգրան Գաբրիելյանը՝ պարզաբանելով վերջին շրջանում էլեկտրաէներգիայի անջատումների խնդիրը ։

Կայծակի հետևանքով շարքից դուրս է եկել Ստեփանակերտի ամենամեծ՝ 110/35/10 հանգուցային ենթակայանի 25 ՄՎԱ հզորությամբ տրանֆորմատորը՝ չնայած համապատասխան պաշտպանող սարքավորումների առկայությանը։
Ենթակայանը, որը սնուցում է մայրաքաղաքը, Ասկերանի և Մարտունու շրջանները, ներկայումս աշխատում է 16 ՄՎԱ հզորությամբ երկու տրանսֆորմատորներով։ Առայժմ ենթակայանը կաշխատի ժամանակավոր սխեմայով՝ մինչև կտեղադրվի նոր տրանֆորմատոր.
- Նոր տրանսֆորմատորը 40 ՄՎԱ հզորությամբ է լինելու։ Այն արդեն պատվիրված է և մեկ շաբաթվա ընթացքում պետք է ներկրվի։ Այս ընթացքում չի բացառվում էլեկտրաէներգիայի անջատումներ։ Նոր տրանֆորմատորը կբավարարի մեր պահանջարկը՝ ինչպես հիմա, այնպես էլ՝ ձմեռվա ամենածանրաբեռնված ժամանակահատվածում,-ասաց Տիգրան Գաբրիելյանը։
Հավանական վթարներից խուսափելու համար ՙԱրցախԷներգո՚ ՓԲԸ ընկերության աշխատակիցները ձմեռվա նախապատրաստական աշխատանքներ են իրականացնում։ Զրուցակցիս խոսքով՝ օդային գծի մի հատվածն անցնում է թշնամու հսկողության ներքո գտնվող տարածքով կամ դրան մոտ։ Արդեն բավականին ժամանակ է աշխատանքներ են տարվում օդային գծերը՝ հաղորդալարեր, մեկուսիչներ և այլն թարմացնելու ուղղությամբ։