[ARM]     [RUS]     [ENG]

ՀՀ կառավարությունը հերթական ֆինանսական աջակցությունն է տրամադրում Արցախին. Այս անգամ 13.5 մլրդ դրամ

 ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 30-ի նիստում որոշել է Արցախի Հանրապետությանը տրամադրել 13.5 մլրդ դրամ: Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ այդ գումարից 1.2 մլրդն ուղղվելու է բնակիչների կոմունալ ծախսերի փոխհատուցման ծրագրին, իսկ 12.2 մլրդ դրամը հատկացվելու է որպես միջպետական վարկ:

«Արցախի Հանրապետությանը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հատկացվող ֆինանսական օժանդակությունը  կտրամադրվի նվիրատվության պայմանագրի հիման վրա՝ բնակչության՝ հոկտեմբեր ամսվա էլեկտրաէներգիայի, գազամատակարարման եւ կապի ծառայությունների, ինչպես նաեւ տնտեսության տարբեր ոլորտների ֆինանսավորման համար»,- կառավարության նիստում նախագիծը ներկայացնելիս ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ հիշեցնելով, որ սա նույնաբնույթ արդեն չորրորդ որոշումն է. ընդհանուր առմամբ 2020թ. առ օրս Արցախին է փոխանցվել գրեթե 100 մլրդ դրամի աջակցություն:

Նախագծով նախատեսվում է նաեւ տրամադրել միջպետական վարկ՝ հոկտեմբեր ամսվա աշխատավարձերի, նպաստների, կենսաթոշակների, առողջապահության ծախսերի, ինչպես նաեւ պարտատոմսերի մարման նպատակով։ Միջպետական վարկը Արցախի կառավարությանը տրամադրվում է տարեկան 0,001% տոկոսադրույքով՝ մինչեւ 2025 թվականի հունվարի 1-ը մարման ժամկետով։