[ARM]     [RUS]     [ENG]

Սա Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության արդյունքն է․ Արման Թաթոյանը՝ Արցախում հրադադարի խախտման մասին

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն Արցախում Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումը, որի հետևանքով 6 հայ զինծառայող է վիրավորվել, ադրբեջանական իշխանությունների ցեղասպան քաղաքականության ուղիղ արդյունք է համարում:

«Ադրբեջանական զինված ուժերի հարձակումից Արցախում վիրավորում է ստացել 6 զինծառայող, որոնցից երկուսի վիճակը ծանր է:

Խոսքը Արցախի Նոր Շեն համայնքի մասին է, որի անմիջական հարևանությամբ են տեղակայված ադրբեջանական զինված ուժերի դիրքերը: Արցախի Հարավ և մի քանի այլ քաղաքացիական բնակավայրի ուղղությամբ ևս կրակոցներ են արձակվել:

Քիչ առաջ խոսեցի Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի հետ, ով այս պահին այցելել է զինվորական հոսպիտալ, քննարկեցինք մանրամասները:

Սա ադրբեջանական իշխանությունների ցեղասպան, ֆաշիստական քաղաքականության ուղիղ արդյունքն է:

Ադրբեջանական զինված ուժերի ներկայությունը հայկական քաղաքացիական բնակավայրերի հարևանությամբ լրջագույն սպառնալիք է մարդկանց անվտանգության ու խաղաղության համար, նրանց կյանքի իրավունքի ոտնահարում է:

Հաշվի առնելով, որ Արցախի պաշտպանության բանակի դիրքերը Նոր Շեն ու մյուս համայնքների անմիջական հարևանությամբ պաշտպանում են քաղաքացիական բնակիչների կյանքն ու անվտանգությունը, ակնհայտ է, որ վիրավորում ստացած բոլոր զինվորների առողջությանը վնաս պատճառելու համար ադրբեջանական զինված ուժերն ուղիղ պատասխանատվություն են կրում իրենց հանցավոր արարքների համար»,- գրել է Թաթոյանը:

Արման Թաթոյանն այդ մասին գրել է  «Ֆեյսբուք»-ի իր էջում: