[ARM]     [RUS]     [ENG]

ՆՈՐՇԵՆՆ ԱՅՍՕՐ /ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ/

Անի Մանգասարյան

 Արցախի Մարտունու շրջանի առաջնագծամերձ Նորշեն համայնքում իրավիճակը ներկայում հանգիստ է։ Գյուղի բնակիչները զբաղված են առօրյա աշխատանքով։ Այս մասին ,,Ազատ Արցախ,,-ի հետ զրույցում ասաց համայնքի ղեկավար Գևորգ Հարությունյանը։

-Նորշենցիները տեղում են։ Ավելին ասեմ՝ գյուղ վերադարձողների թիվն օրեցօր ավելանում է։ Խուճապ չկա։ Գյուղի ուղղությամբ կրակոցներ չեն եղել,-ասաց համայնքի ղեկավարը։ Նորշենի Լեոնիդ Հուրունցի անվան միջն․ դպրոցն այսօր՝ հոկտեմբերի 15-ին, շարունակում է իր բնականոն գործունեությունը։ Ինչպես հայտնեց դպրոցի տնօրեն Սամվել Ավանեսյանը՝ այս պահին բոլոր աշակերտների մասնակցությամբ դասերը շարունակվում են։

-Երեխաները հաճախել են դպրոց։ Դասերն ընթանում են նորմալ հունով,-ասաց Սամվել Ավանեսյանը։

 

Ավելի վաղ, Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է հրապարակել, որ հոկտեմբերի 14-ի երեկոյան, ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել ԱՀ արևելյան սահմանագոտում տեղակայված ՊԲ մարտական հենակետի ուղղությամբ, ինչի արդյունքում հրազենային վիրավորում է ստացել վեց զինծառայող: Միջադեպի մասին անհապաղ տեղեկացվել է Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը: Սահմանային գոտում տեղի ունեցած միջադեպերից հետո օպերատիվ-մարտավարական իրադրությունը հանգիստ է: Հայկական կողմը դիրքային ու տարածքային կորուստներ չունի: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ շարունակում է հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմի պահպանմանը և կոչ է անում ադրբեջանական կողմին նույնպես ձեռնպահ մնալ իրադրությունն ապակայունացնող գործողություններից: