ԹԱԳԱՎԱՐԱԿԻ ԿՏՐՈՒԿ ԱՃ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ԱՐՑԱԽՈՒՄ
Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ
COVID-19 վարակով պայմանավորված համաճարակային իրավիճակը շարունակում է լարված մնալ ոչ միայն աշխարհում, այլև ՀՀ-ում և ԱՀ-ում։ Վերջին շաբաթվա տվյալներով՝ ՀՀ-ում միջինում օրական գրանցվել է նոր կորոնավիրուսի 700-1765 նոր դեպք, ինչը բավականին մեծ ցուցանիշ է։ Հոկտեմբերի 15-ի դրությամբ հաստատվել է COVID-19 վարակի 1765 նոր և ընդհանուր 278 431 դեպք։ Վարակից ապաքինվել է 252 211, մահացել՝ 5713 մարդ: Ընդհանուր առմամբ վարակի հայտնաբերման նպատակով կատարվել է 1 855 238 թեստավորում: Վերջին օրվա տվյալներով՝ իրականացվել է 15 616 թեստավորում, ապաքինվել է 881 հիվանդ, մահացել՝ 38 մարդ։ Նախորդ օրն արձանագրված մահվան 1 դեպքի վերաբերյալ ՀՀ առողջապահության նախարարության կայքէջը փոխանցել է, որ մահացածն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1232 է:
Արցախում վերջին շաբաթվա ընթացքում միջինում օրական գրանցվել է COVID-19-ի 13-36 նոր դեպք։ Վարակակիրների թիվն անցած շաբաթվա համեմատ կտրուկ աճել է։Հոկտեմբերի 14-ին կատարված 47 թեստավորման արդյունքում ԱՀ-ում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 10 նոր դեպք, ընդ որում վարակակիրներից մեկը՝ երեխա։ COVID-19 -ով վերջին վարակվածները Ստեփանակերտից են։ ԱՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ Օֆելյա Հարությունյանի պարզաբանմամբ՝ ներկայումս Արցախում ստացիոնար բուժում է ստանում 50 վարակակիր. 27 հիվանդի առողջական վիճակը գնահատվում է ծանր, 10-ինն էլ՝ ծայրահեղ ծանր, իսկ թեթև ախտանշաններով վարակակիրներն ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Հիվանդների մեծ մասը Ստեփանակերտի բնակիչներ են։ Համաճարակաբանական վիճակը հանրապետությունում շարունակում է մնալ լարված։ 2021թ. ընթացքում Արցախում կորոնավիրուսային վարակի հայտնաբերման նպատակով կատարվել է 14 226 հետազոտություն, որի արդյունքում արձանագրվել է COVID-19-ի՝ 1317 դեպք։
Ելնելով համաճարակաբանական լարված վիճակից, օրերս ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը հրավիրել էր ընդլայնված խորհրդակցություն՝ առողջապահության նախարար Միքայել Հայրիյանի և համակարգի պատասխանատուների, բուժհաստատությունների ղեկավարների մասնակցությամբ: COVID-19 համավարակի դեմ իրականացվող աշխատանքների, ծագած խնդիրների ու դրանց լուծման հնարավոր տարբերակների վերաբերյալ զեկույցներով հանդես են եկել ոլորտի ներկայացուցիչները: Առողջապահության նախարար Մ. Հայրիյանը ներկայացրել է Արցախում սեպտեմբեր ամսվա և հատկապես վերջին շաբաթվա ընթացքում կորոնավիրուսային հիվանդության կտրուկ աճի միտումները, իսկ պատասխանատու մասնագետները՝ ներկայացնելով վարակի և պատվաստման վերջին ցուցանիշները, հանդես են եկել կորոնավիրուսի կանխարգելման և վերահսկման վերաբերյալ համապատասխան առաջարկներով։
Քննարկման արդյունքում որոշվել է կանխարգելիչ աշխատանքներ իրականացնել դպրոցներում, պետական, վարչական և հնարավոր բոլոր հաստատություններում` տրամադրելով ախտահանիչ միջոցներ։ Հրահանգվել է մտցնել որոշ սահմանափակումներ, ինչպես նաև իրականացնել պատվաստման հետ կապված լրացուցիչ իրազեկման աշխատանքներ։ Հաջորդ օրը թագավարակի դեմ իրականացվող կանխարգելիչ աշխատանքների շրջանակներում ԱՀ առողջապահության նախարարության ներկայացուցիչներն այցելել են Ստեփանակերտի հանրակրթական ուսումնական հաստատություններ, պետական հիմնարկներ և տրամադրել դիմակներ ու ախտահանիչ միջոցներ:
Մասնագետները վստահեցնում են, որ պատվաստումը կանխում է կորոնավիրուսային հիվանդության ծանր ձևերի առաջացումը, մահվան դեպքերը, նվազեցնում վարակի տարածումը։ COVID-19 -ի դեմ պատվաստումները շարունակվում են իրականացվել ԱՀ առողջապահության նախարարության հանրապետական բժշկական կենտրոնի ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում, ՙԱրևիկ՚ և շրջանային բուժմիավորումներում: ԱՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ Օ. Հարությունյանի տեղեկատվությամբ՝ Արցախում պատվաստումները կատարվում են ռուսական ՙSputnik-V՚ և շվեդական ՙAstraZeneca՚ արտադրության համապատասխան դեղաչափերի պատվաստանյութերով։ COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր ՙSputnik-V՚ պատվաստանյութի առաջին դեղաչափը ստացել է 828, երկրորդը` 775 քաղաքացի, իսկ շվեդական ՙAstraZeneca՚-ի առաջին դեղաչափը ներարկվել է 30, երկրորդը` 17 մարդու։ Ընդհանուր առմամբ՝ Արցախում կատարվել է 858 պատվաստվում։ Նշենք, որ ՙSputnik-V՚-ի երկրորդ դեղաչափը ներարկվում է 21օր հետո, իսկ ՙAstraZeneca՚ պավաստանյութինը՝ 8 շաբաթ անց։ Պատվաստվելու համար նախապես պետք է զանգահարել համապատասխան բուժհաստատություն և գրանցվել։
Պատվաստումների բացարձակ և ժամանակավոր բժշկական հակացուցումներ
Անդրադառնալով COVID-19-ի դեմ պատվաստումների բացարձակ և ժամանակավոր բժշկական հակացուցումներին, մասնագետները հավաստում են, որ ՀՀ-ում կորոնավիրուսային հիվանդության դեմ կիրառվող կանխարգելիչ պատվաստումների բժշկական հակացուցումները նույնն են, ինչ բոլոր պատվաստումների դեպքում: Իսկ միակ ու բացարձակ հակացուցումն ըստ բժիշկների՝ տվյալ պատվաստանյութի նախորդ դեղաչափից առաջացած անաֆիլաքսիան է, այսինքն պատվաստանյութի որևէ բաղադրիչի նկատմամբ լուրջ ալերգիկ ռեակցիան` տարածուն եղնջացան, սուլող շնչառություն, բերանի խոռոչի ու կոկորդի այտուց, դժվարացած շնչառություն, հիպոթենզիա և շոկ: Պատվաստման ժամանակավոր հակացուցումներ են համարվում սուր հիվանդությունները՝ միջին և ծանր ընթացքով, ինչպես նաև քրոնիկ հիվանդությունների սրացումը: Իսկ հղիությունը մասնագետները պատվաստման հակացուցում չեն համարում և հղի կանայք նույնպես ներառվել են կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների ռիսկի խմբերում: Եթե հղի կինը պատվաստվել է առանց տեղեկացված լինելու հղիության մասին, ապա պատվաստումն անվտանգ է մոր և պտղի առողջության համար: Վարակիչ կամ սոմատիկ հիվանդությունների դեպքում անձը պատվաստվում է առողջացումից անմիջապես հետո։ Քրոնիկ հիվանդության դեպքում պատվաստումը կատարվում է ռեմիսիայի (հիվանդության ախտանիշների ժամանակավոր թուլացում) շրջանում, իսկ հարաճուն նյարդաբանական հիվանդությունների դեպքում (հարաճուն էնցեֆալոպաթիա, չկառավարվող էպիլեպսիա) պատվաստումն իրականացվում է կլինիկական երևույթների կայունացման շրջանում:
ԱՀ առողջապահության նախարարությունը և ոլորտի պատասխանատուները կրկին հորդորում են համավարակի կանխարգելման աշխատանքներին մոտենալ պատշաճ պատասխանատվությամբ, հետևել բոլոր ցուցումներին, լինել հնարավորինս զգոն՝ նոր բռնկումներից խուսափելու և վարակը հաղթահարելու համար։ Մասնագետները կոչ են անում քաղաքացիներին կրել դիմակ փակ տարածքներում, եթե, անգամ պատվաստված են, պարբերաբար ախտահանել ձեռքերը 70%-անոց ալկոհոլային հիմք պարունակող ախտահանիչով, հաճախակի օդափոխել փակ տարածքները։ Իսկ սուր- շնչառական վարակներին բնորոշ ախտանշանների դեպքում (ջերմություն, հազ, հարբուխ) պետք է չզբաղվել ինքնաբուժմամբ, այլ մնալ տանը և դիմել բժշկի: