ԱՐՑԱԽԻ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՆ՝ ԱՌԱՆՁԻՆ ԳՐՔՈՎ
Լույս է տեսել Հայկական էներգետիկական ակադեմիայի հիմնադիր, նախագահ, բազմաթիվ ակադեմիաների անդամ Ստեփան Պապիկյանի ՙԱրցախի էներգետիկան՚ մենագրությունը` 150 էջ ծավալով, որից 16-ը գունավոր լուսանկարներով։ Այն հեղինակի երկար տարիների աշխատանքի արդյունքն է։ Մենագրությունն իր բնույթով եզակի է, ունի գիտական արժեք։
Գրքում ներկայացվում է Արցախի էներգետիկայի պատմությունը` սկզբնավորումից մինչև մեր օրերը։ Բերված են հարուստ տեղեկատվական տվյալներ և վերլուծություններ` կապված Արցախի էներգետիկայի տարբեր ճյուղերի զարգացման հետ։ Գրքում տեղ է գտել նաև Արցախի գազամատակարարման համակարգերի վերաբերյալ տեղեկատվություն։ Տրվում են նաև Արցախի Հանրապետության էներգետիկայի զարգացման հեռանկարները։
Գրքի պատասխանատու խմբագիրն է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Հարությունյանը։ Տպագրվել է ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի գիտխորհրդի որոշմամբ և Հայկական էներգետիկական ակադեմիայի գիտխորհրդի երաշխավորությամբ։ Գրախոսներ՝ տ.գ.դոկտոր, պրոֆեսոր Ռոբերտ Սարինյան և տ.գ.թ. Հայկ Մարկոսյան։
-Անհրաժեշտ է մշակել Արցախի Հանրապետության էներգետիկայի զարգացման կարճաժամկետ և երկարաժամկետ գիտականորեն հիմնավորված ծրագիր՝ հաշվի առնելով բոլոր մարտահրավերները։ Այն անխզելիորեն պետք է կապված լինի ՀՀ-ում մշակված համանման ծրագրի հետ,- նշում է հեղինակը` Ստ.Պապիկյանը, ով առաջարկում է Արցախի Հանրապետության համար մշակել էներգետիկ դիվանագիտություն։
Գիրքը նախատեսված է ոչ միայն գիտնականների, ուսանողների, այլ նաև բնագավառի մասնագետների համար։ Տպաքանակը՝ 100 օրինակ։
Ս. Պապիկյանը հեղինակել է ավելի քան 200 գիտական աշխատություն, որոնք առնչվում են ջերմամատակարարման և գազամատակարարման համակարգերին, գազատուրբինային կայանքներին, ՋԷԿ-երին և ԱԷԿ-ներին, ՀԷԿ-երին, կաթսայատների ռեժիմային, էկոլոգիական, ինչպես նաև էներգետիկայի պատմության հարցերին։
Արցախի Հանրապետության էներգետիկայի զարգացման գործում ունեցած ակնառու ներդրման համար 2017թ. Արցախի Հանրապետության նախագահի կողմից պարգևատրվել է ՙԵրախտագիտություն՚ մեդալով։
Հարկ է նշել, որ Արցախում մինչև 1920 թվականը շահագործվում էր 30 ԿՎտ հզորությամբ հիդրոէլեկտրակայան։ Այն գտնվում էր Շուշի քաղաքի մոտ։
Ըստ հեղինակի` ցանկալի կլիներ, որպեսզի գիրքը սեղմագրի ձևով հրատարակվեր նաև այլ լեզուներով։
ՙԱԱ՚