[ARM]     [RUS]     [ENG]

Դեկտեմբերի 7-ը Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակի օրն է

 

 Հայաստանի հյուսիսային շրջաններում 1988թ. դեկտեմբերի 7-ին Գրինվիչի ժամանակով ժամը 7 անց 41 րոպե 22,7 վայրկյան (տեղական ժամանակով 11 անց 41րոպե 22,7 վրկ.) տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում էր Սպիտակ քաղաքում (այստեղից էլ՝ Սպիտակի երկրաշարժ անվանումը): Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնում գնահատվել է 10 բալ: Սպիտակի երկրաշարժը երկրաշարժն ընդգրկել է ՀՀ տարածքի մոտ 40 տոկոսը: Տուժեցին 21 քաղաք և շրջան, 342 գյուղ: Լրիվ կամ մասնակի ավերվեցին Սպիտակ, Լենինական, Կիրովական, Ստեփանավան քաղաքները, Սպիտակի, Ախուրյանի, Գուգարքի, Արագածի, Կալինինոյի, Ստեփանավանի շրջանների հարյուրից ավելի գյուղեր ու բնակավայրեր: Անօթեւան մնաց 514 հազար մարդ: Տարբեր աստիճանի վնասվածքներ ստացավ մոտ 20 հազարը, զոհերի թիվը կազմեց 25 հազար: Զոհեր շատ են եղել հատկապես Գյումրիում՝մոտ 15-17 հազար եւ Սպիտակում՝ 4 հազար մարդ: Ավերիչ երկրաշարժի հետևանքով ավերվեց ՀՀ-ի ամբողջ բնակֆոնդի 17 տոկոսը, դադարեց գործել 100-ից ավելի արդյունաբերական ձեռնարկություն, մեծ վնաս հասավ նաև ճարտարապետական, պատմական, արվեստի հուշարձաններին: Երկրաշարժի առաջին րոպեներից որոնողափրկարարական աշխատանքներին անձնուրաց մասնակցում էր տարբեր Հայաստանի բնակավայրերից ժամանած ազգաբնակչությունը, սակայն խիստ զգացվում էր անհրաժեշտ փրկարարական տեխնիկայի պակասը: Երկրաշարժից հետո Մոսկվայից Հայաստան ժամանեց հատուկ հանձնաժողովը՝ ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահ Նիկոլայ Ռիժկովի ղեկավարությամբ։ Հայաստանին համակողմանի օգնություն ցույց տվեցին աշխարհի ավելի քան 113 երկրներ և 7 միջազգային կազմակերպություններ։ Հայաստան էին տեղափոխվում դեղորայք, բուժսարքավորումներ, շինարարական տեխնիկա, վրաններ, սննդամթերք և այլ պարագաներ։ 1989 թվականին աղետի գոտում աշխատում էին Խորհրդային Միության տարբեր շրջաններից ժամանած ավելի քան 40 հազար մասնագետներ, զինծառայողներ։ Տարբեր պետություններ շարունակեցին օգնությունը Հայաստանին նաև հետագա տարիներին: Երկրաշարժի առաջին ժամերից Հայաստանի կողքին էր Սփյուռքը։ Մեր հայրենակիցները բազմաթիվ նախաձեռնությունների շրջանակում, անհատապես իրենց օգնությունն էին առաջարկում: Նրանց կողմից ստեղծվեցին «ՍՈՍ Արմենի», «Ազնավուրը Հայաստանին» և տասնյակ այլ կազմակերպություններ։ Բազմաթիվ սփյուռքահայ մասնագետներ շտապեցին Հայաստան՝ բժիշկներ, հոգեբաններ, շինարարներ, ճարտարապետներ, մնացին այստեղ և մասնակցեցին փրկարարական և վերականգնողական աշխատանքներին։