[ARM]     [RUS]     [ENG]

ՀՀ ՄԻՊ. Ադրբեջանը սադրանքներ է ձեռնարկում տարածքներում, որտեղ նախկինում ներխուժել է

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ահազանգեր է ստացել Գեղարքունիքի մարզի Կութ, Նորաբակ, Վերին եւ Ներքին Շորժա գյուղերի բնակիչներից՝ կապված սահմանին Ադրբեջանի երեկվա սադրանքի հետ։ Այս մասին հունվարի 12-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց օմբուդսմեն Արման Թաթոյանը։

«Բոլորի հետ կապի մեջ ենք։ Բնակիչները լսել են հրետանու ձայնը»,-ասաց օմբուդսմենը։ Թաթոյանն ընդգծեց, որ Ադրբեջանը ագրեսիվ գործողություններ է ձեռնարկում անցած տարվա մայիսին ներխուժած տարածքներում։ Միաժամանակ, օմբուդսմենը նշեց, որ ներխուժումը կատարվել է ավելի վաղ՝ 2020 թվականի հոկտեմբերին՝ պատերազմի ընթացքում, Կապանի մոտ գտնվող Ծավի ուղղությամբ։ Ուստի պետք է խոսել ադրբեջանցիների՝ Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժման եւ գլոբալ առումով ադրբեջանական ուժերի դուրսբերման անհրաժեշտության մասին, այլ ոչ միայն «մայիսյան ներխուժման» մասին»,-ասաց Թաթոյանը։ 

Օմբուդսմենը կրկին նշեց, որ հայկական գյուղերի մոտ ադրբեջանցի զինվորականների ներկայությունը իրավական հիմք չունի, հատկապես, որ նրանք այնտեղ են հայտնվել նոր պատերազմի սպառնալիքի ներքո։ Նա հավելեց, որ երբ այդ մասին օմբուդսմենն է խոսում, հայտարարությունները չպետք է խեղաթյուրվեն։ «Երեկվա գործողությունները դրա ապացույցն են։ Նրանք այնքան մոտ են, որ խաղաղ բնակչությունը լսում է հրետանու ձայները։ Ժամանակ չկա: Իրադարձությունները արագ են զարգանում։ Որքան հապաղենք, այնքան ավելի շատ կոտնահարվեն բնակիչների իրավունքները»,-եզրափակեց Արման Թաթոյանը։