Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1
[ARM]     [RUS]     [ENG]

Դատախազությունը՝ Ադրբեջանի օկուպացրած համայնքների հողերի նախապատերազմյան օտարման վերաբերյալ հրապարակումների մասին

 
2020թ. 44-օրյա պատերազմից հետո հնչեցին մի շարք հայտարարություններ այն մասին, որ նախքան պատերազմը Արցախի Հանրապետության նախագահը օտարել էր Հադրութի շրջանում և Ադրբեջանի վերահսկողության տակ անցած այլ համայնքներում ունեցած վարելահողերը և այգիները: Նման բովանդակությամբ հաղորդում էր ներկայացվել նաև ԱՀ գլխավոր դատախազություն, որի հիման վրա հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում պահանջվել ու տեղեկություններ են ստացվել ԱՀ կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեից ու ԱՀ արդարադատության նախարարության պետական ռեգիստրից: Ստացված տվյալների համաձայն՝ 2020թ. 44-օրյա պատերազմից անմիջապես առաջ և ավելի վաղ ԱՀ նախագահին և նրա ընտանիքի անդամներին սեփականության կամ օգտագործման իրավունքով պատկանող գույքի, այդ թվում բաժնետոմսերի օտարում, այլ անձի տեղի չէր ունեցել:
Գույքի միջնորդավորված օտարման հնարավոր դեպքերը վերհանելու համար ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնի քննիչի կողմից օպերատիվ հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմիններին, սակայն ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նույնպես նման դեպքեր չեն հայտնաբերվել:
Սույն թվականի փետրվարի 11-ին ֆեյսբուքյան օգտատեր Boris Murazi-ին կատարել էր գրառում հետևյալ բովանդակությամբ. «ԱԱԾ-ն բացահայտել է լրտեսների մի խմբի, որոնք պատերազմից առաջ վաճառել են Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հողերն ու գույքը, այն շրջաններում, որոնք հանձնվեցին վերջին պատերազմում։ Չարագործները վաճառված ամբողջ գույքի գումարով Ռոստովում գնել են հազարավոր հեկտարներով հողեր և գրանցել Արայիկ Հարությունյանի անունով»:
Րոպեներ անց, հրապարակված տեքստում կատարվել է խմբագրում, որին ավելացվել է մեկ նախադասություն հետևյալ բովանդակությամբ՝ «ԱԱԾ հումորի գլխավոր վարչություն»:
ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնի քննիչը առաջիկայում կդիմի ֆեյսբուքյան հիշյալ օգտատիրոջը՝ իր ձեռքի տակ առկա՝ հրապարակման իսկությունը հավաստող կամ դրա մասին վկայող փաստերը ԱՀ դատախազությանը տրամադրելու առաջարկությամբ:
Միաժամանակ ցանկանում ենք իրազեկել, որ հանրությանը հուզող այս կամ այն հայտարարությունների քննության ընթացքում քննչական մարմինը կոչված է ոչ թե «ստեղծելու» ապացույցներ, այլ փաստագրելու, դատավարական կարգով ամրագրելու և գնահատելու դրանք, հետևաբար, եթե որևէ մեկը վերը ներկայացված հարցի վերաբերյալ տիրապետում է ապացուցողական նշանակություն ունեցող փաստական տվյալի, ապա այն կարող է ներկայացնել ԱՀ դատախազությանը (անձնական տվյալների գաղտնիության անհրաժեշտության դեպքում գաղտնիությունը երաշխավորում ենք)՝ ԱՀ քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված կարգով քննության առնելու և իրավական գնահատման ենթարկելու համար: Հակառակ պարագայում նման հայտարարությունները ընդամենը ծառայում են որպես հազարավոր արցախաբնակների ու տեղահանված մեր հայրենակիցների գերլարված նյարդերը անընդհատ թմբկահարելու, գրգռելու գործիք: