[ARM]     [RUS]     [ENG]

ԱՀ-ՈՒՄ ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ ԴԵՌ ԼԱՐՎԱԾ Է

COVID-19-ով պայմանավորված համաճարակային իրավիճակը դեռ լարված է: ՀՀ-ում վարակի դեպքերի առումով նվազման միտում է արձանագրվում, սակայն, ցավոք, մահվան դեպքերը դեռ անհանգստացնող են։ Փետրվարի 22-ի դրությամբ ՀՀ-ում հաստատվել է COVID-19-ի 753 նոր դեպք։ Ներկայում Հայաստանում COVID-19-ից փաստացի բուժում է ստանում 12 408 հիվանդ: Վերջին օրվա տվյալներով՝ իրականացվել է 5588 թեստավորում, ապաքինվել է 2075 հիվանդ, մահացել՝ 16 մարդ:

ԱՀ առողջապահության նախարարության տվյալներով՝ 2022թ. հունվար-փետրվար ամիսներին ԱՀ-ում կորոնավիրուսային վարակի հայտնաբերման նպատակով կատարվել է 8063 հետազոտություն, որի արդյունքում արձանագրվել է COVID-19-ի 2621 դեպք։
Փետրվարի 22-ի դրությամբ կատարված 255 թեստավորման արդյունքում հաստատվել է վարակի 81 նոր դեպք։ Ստացիոնար բուժում են ստանում 60 հոգի, ցավոք, վարակի հետևանքով գրանցվել է մահվան ևս 1 դեպք։ Թագավարակի պատճառով այս տարի Արցախում մահացել է 28 մարդ։ COVID-19-ով ԱՀ բուժհաստատությունների ամբուլատոր ծառայության դիմած 314 հիվանդներից 42-ն երեխաներ էին։
ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի` ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի և Հայ-ռուսական համալսարանի հետ համատեղ իրականացրած հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ Հայաստանում շրջանառվում է նաև COVID-19 «Օմիկրոն» տարբերակի «BA.2» ենթատարբերակը։
Վերջինս ավելի վարակիչ է, քան նախորդը։ Մասնագետների կարծիքով՝ այս ենթատարբերակը կարող է ունենալ հիվանդության ավելի ծանր ընթացք։
ԱՀ առողջապահության նախարարությունը հորդորում է բնակչությանը չերկմտել, օր առաջ պատվաստվել և պահպանել առողջությունը:


Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ