Ավելի քան 800 զանգ. ԱԻՊԾ-ն ամփոփել է անցած շաբաթը
2022 թվականի մարտի 7-13-ն ընկած ժամանակահատվածում ՆԳՆ ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 839 զանգ: Հրշեջ փրկարարները շաբաթվա ընթացքում կատարել են 12 ելք: Որից 1 չոր խոտածածկ տարածքներում, 3-ը՝ աղբանոցներում: Արձանագրված բոլոր դեպքերը, հրշեջ-փրկարարների հմուտ ու արագ գործողությունների շնորհիվ, ժամանակին կանխվել են, տուժածներ չկան: Հրդեհի մեկ դեպք գրանցվել է մարտի 12-ին, ժամը 12:50-ին՝ Ստեփանակերտ քաղաքի Հեքիմյան 7 հասցեում: Դեպքի վայր մեկնած մարտական հաշվարկը և արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խումբը բնակչությանը ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն և մարել հրդեհը: Նախնական տվյալների համաձայն, Ստեփանակերտ քաղաքի բնակչին պատկանող բնակարանում այրվել է գազի բալոնից արտահոսող գազը: Մարտի 13-ին, ժամը 19:28-ին, Ստեփանակերտ քաղաքի բնակչից ահազանգ է ստացվել Հեքիմյան 10 հասցեում բռնկված հրդեհի մասին: Դեպքի վայր մեկնած մարտական հաշվարկը հրդեհը մարել է ձեռքի տակ եղած միջոցներով: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:36-ին, մարվել`ժամը 19:45-ին: Նախնական տվյալների համաձայն՝ նշված հասցեում էլեկտրալարերի կարճ միացումից այրվել է մոտ 1 մ էլեկտրալար: Արձանագրված հրդեհների բոլոր դեպքերի առթիվ ստուգում է իրականացնում ԱԻ պետական ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը: Զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների (մասունք) որոնողական աշխատանքները այս շաբաթ շարունակվել են Արցախի Հանրապետության վերահսկողության ներքո գտնվող սահմանամերձ շրջաններում, որտեղ ընթացել են ակտիվ մարտական գործողություններ: Ցավոք, այս շաբաթ որոնումներն արդյունք չեն տվել: Տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերքի հայտնաբերման և դրանց ոչնչացման ուղղությամբ սակրավորական խմբերը, գործընկեր կառույցների հետ մեկտեղ, շաբաթվա ընթացքում կատարել են 3 ելք, որի արդյունքում Ասկերան և Ստեփանակերտ քաղաքների հարակից տարածքում հայտնաբերվել և վնասազերծվել է հրթիռակասետային 14 ռումբ, 12 պայթուցիչ, 16 արկ, ձեռքի՝ 8 և նռնականետի 11 նռնակ: Նշված ժամանակահատվածում գրանցվել է տեխնածին բնույթի՝ 28, սոցիալ-կենցաղային բնույթի՝ 31 կանչ: Փրկարարները կատարել են դռան 6 և վերելակի 7 բացում, առողջական խնդիր ունեցող 6 քաղաքացու տեղափոխում: Բնակչությանը ջուր մատակարարելու նպատակով կատարվել է 2 ելք: Շաբաթվա ընթացքում փրկարարներն արձագանքել են այլ բնույթի ևս 10 կանչերի: ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը շարունակում է շուրջօրյա ուժեղացված ծառայությունը ԱՀ ամբողջ տարածքում: Ցանկացած իրավիճակում հիշեք՝ 911, 101, 112 օգնության ու փրկության հեռախոսահամարները:
ԱՀ ՆԳՆ ԱԻ պետական ծառայություն