[ARM]     [RUS]     [ENG]

ԾԱՂԿԱԶԱՐԴՆ ԱՂԱՎՆՈՅՈՒՄ

 

«Մշակութամետ» կամավորական կրթամշակութային ծրագրի նախաձեռնությամբ այսօր՝ ապրիլի 10-ին, Ծաղկազարդը նշվեց նաև Քաշաթաղի շրջանի Աղավնո համայնքում։ «Մեր նպատակը սահմանային գյուղերի երեխաների կրթամշակութային դաստիարակությանը նպաստելն է, ազգային արժեքների վերաիմաստավորելն ու ամրապնդելը»,-մեզ հետ զրույցում ասաց «Մշակութամետ» ծրագրի մասնակից Շուշան Բաբայանը՝ հավելելով, որ մյուս համայնքներում ևս ազգայինին ու ավանդականին մոտեցնելու, երեխաների առօրյան աշխուժացնելու նպատակ ունեն։ Նախաձեռնության անդամ Նաիրա Տեր-Ասատրյանի բնորոշմամբ՝ տոնախմբությունը միասնականության ու համախմբման խորհուրդ ունի. «Առիթ է վերականգնելու հայկական ավանդական սովորությունները, ինչպես նաև միմյանց հետ շփվելու, բռունցքվելու՝ շարունակելով ապրել հավատով»։ «Մշակութամետ» նախաձեռնության անդամ Արուսյակ Մկրտչյանի խոսքով՝ իրենք` երեք երիտասարդ ուսուցչուհիներ, Երեւանից են եկել եւ արդեն մեկ ամիս է ինչ բնակվում են Աղավնոյում, որտեղ ասեղնագործություն, կիթառ, ազգային երգ ու պար, դերասանական արվեստ են ուսուցանում, դաշնամուրի դասընթացներ կազմակերպում։ Նրա խոսքով՝ Ծաղկազարդն առիթ էր գյուղում ազգային խաղեր, երգ ու պար, ինչպես նաև ավանդական կերակրատեսակների հյուրասիրություն կազմակերպելու համար։ Տոնախմբությանը ներկա էին նաև ռուս խաղաղապահները։

Լուսինե ՇԱԴՅԱՆ