Մարդու իրավունքների պաշտպանի և լրատվամիջոցների ներկայացուցիչների հանդիպում
Այսօր՝ մայիսի 3-ին, Ազատ մամուլի համաշխարհային օրվա կապակցությամբ, Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ, տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ Ստեփանակերտում տեղի է ունեցել կլոր սեղանի ձևաչափով քննարկում: Հանդիպմանն Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն ասաց, որ օրը ևս մեկ առիթ է՝ արձանագրելու բոլոր խնդիրները և, ՄԻՊ լիազորություններն ու խողովակներն օգտագործելով, փորձելու հասնել որոշակի լուծումների։ Կարևորելով համակարգված աշխատանքը, Գ․ Ստեփանյանը տեղեկացրեց, որ նախորդ տարվանից են նախատեսել հանդիպումներ մասնագիտական տարբեր գործունեություն ծավալող անձանց, հատկապես լրագրողների հետ, որոնք Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության բնական դաշնակիցներն են, որովհետև մի կողմից լայնորեն լուսաբանում են նրա գործունեությունը, մյուս կողմից, ինչպես միջազգային պրակտիկան է ցույց տալիս, շատ հաճախ բարձրաձայնում են մարդու իրավունքների խախտումների մասին։ Գ. Ստեփանյանի խոսքով՝ այդուհանդերձ, սխալ կլինի համարել, որ լրագրողները ՄԻՊ հաստատությունում խնդիրներ բարձրաձայնողներից ամենաակտիվն են եղել: «Նախորդ տարվա ցուցանիշներով լրագրողներից ստացել ենք 2 դիմում։ Առաջինը վերաբերում էր լրագրողի նկատմամբ քաղաքացու կողմից բռնության կիրառման դեպքին և ոստիկանության անգործությանը։ Ստացված դիմումը փոխանցել ենք դատախազության քննարկմանը և տեղյակ ենք, որ այդ կառույցի կողմից քրեական գործ է հարուցվել, իրականացվում է քննություն։ Մյուս դեպքը վերաբերում է պետական մարմինների կողմից տեղեկատվություն չտրամադրելուն։ Մեր միջամտությամբ տեղեկատվությունը, որը հայցում էր լրագրողը, ստացվել է»,-մանրամասնեց Գ․ Ստեփանյանը՝ նշելով, որ այդ պրակտիկան պետական մարմինների կողմից շարունակում է առկա լինել։ Մարդու իրավունքների պաշտպանի հաղորդմամբ՝ 2021 թվականի ընթացքում Սահմանադրությամբ և օրենսդրությամբ ապահովված, երաշխավորված տեղեկատվության ազատության իրավունքի իրացման առումով քաղաքացիները բախվել են տարբեր խնդիրների։ Այդպիսի բովանդակությամբ ՄԻՊ-ի գրասենյակը ստացել է 17 դիմում, որոնք հիմնականում վերաբերում էին դիմումները չընթացքավորելուն կամ տեղեկատվություն հայցող քաղաքացիների նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքին և ուշացումներին՝ օրենսդրությամբ սահմանված ժամկետներից։ Հանդիպման ընթացքում քննարկվել են լրագրողներին հաճախակի հանդիպող խնդիրները և նախանշվել լուծման ուղիներ։
Աննա Ալեքսանյան