Պարգևատրում Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միությունում
Արցախի Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միության «Հայրենիք և հավատ» ոսկեզօծ մեդալ է շնորհվել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված ժամկետային զինծառայող Արամ Գրիգորյանին: ԱԿԱՀՄ հասարակական կազմակերպության նախագահ Վերա Գրիգորյանն այսօր՝ մայիսի 5-ին տեղի ունեցած պարգևատրման արարողության ժամանակ տեղեկացրեց, որ մեդալը կհանձնվի զոհված զինծառայողի հարազատներին:
Մայիսի 9-ին ընդառաջ՝ ԱԿԱՀՄ-ում կազմակերպված միջոցառմանը Վերա Գրիգորյանը «Հայրենիք և հավատ» մեդալներով է պարգևատրել նաև Արցախյան պատերազմներում վիրավորում ստացած, առաջին և երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող չորս ազատամարտիկների ու զինծառայողների:
«Քառասունչորսօրյա պատերազմը կարկտահարեց մեզ, բայց շարունակում ենք աշխատել նվիրումով և հույսով, որ շուտով կբացվի լույսը»,- ասաց ԱԿԱՀՄ հասարակական կազմակերպության նախագահ Վերա Գրիգորյանը:
Պարգևատրման արարողությանը կազմակերպության հետ ակտիվ համագործակցության համար շնորհավորագրեր են հանձնվել մի խումբ հրավիրվածների:
Լուսինե ՇԱԴՅԱՆ