[ARM]     [RUS]     [ENG]

Հարգանքի տուրք և Մայիսյան եռատոնին նվիրված միջոցառում Ասկերանում

 

Այսօր՝ մայիսի 9-ին, Ասկերանի շրջվարչակազմի պատասխանատու աշխատողները, շրջանի ուժային կառույցների, հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարները, ազատամարտիկները, Ասկերանի քաղաքապետը, Է. Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի ուսուցչական և աշակերտական կոլեկտիվներն ու Ասկերանի բնակչությունը ծաղիկներ խոնարհեցին Ասկերանի զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշավահանակին և մեկ րոպե լռությամբ հարգեցին նրանց հիշատակը: Այնուհետև միջոցառման մասնակիցները քայլերթով շարժվեցին դեպի Ասկերանի Մեծ Հայրենական և Արցախյան պատերազմներում զոհվածների հուշահամալիր, որտեղ ծաղիկներ են խոնարհել նահատակների հուշակոթողի պատվանդանին: Մայիսյան եռատոնին նվիրված միջոցառմանը Արցախի Հանրապետության պետական օրհներգից հետո ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհվածների հիշատակը: Օրհնության խոսք ասաց Ասկերանի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Մեսրոպ քահանա Մկրտչյանը: «Այսօր մենք պետք է ազգովի համախմբվենք, միաբանվենք և մեր ոգին Աստծով ամրացնենք, որպեսզի ապագայում ունենանք հզոր, նշանակալից հաղթանակներ»,-ասաց հոգևոր հայրը: Մատաղ սերունդը քաջ գիտակցում է, որ ինքը պետք է լինի իր նախորդների կիսատ թողած գործի շարունակողը. հայրենիքի հանդեպ մեծ սիրո ու պատասխանատվության և զոհված տղաների հիշատակը վառ պահելու խոստմամբ՝ ասմունքեցին Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտները: Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով «Արիության համար» մեդալով են պարգևատրվել Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակիցներ Սեյրան Ավագիմյանն ու Էրիկ Աղաջանյանը: Պարգևները նրանց հանձնեց ԱԱՄ վարչության Ասկերանի տարածքային ստորաբաժանման ղեկավար Աշոտ Աղաջանյանը: Մայիսյան եռատոնի կապակցությամբ ասկերանցիներն այսօր ծաղիկներ են խոնարհել նաև «Տանկ» հուշարձանին: Առավոտյան ժամը 11.00-ին Արցախում հայտարարված լռության րոպեից հետո Ասկերանի Սուրբ Աստվածածին եկեղեցում կատարվել է հոգեհանգստյան կարգ:

 

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ