[ARM]     [RUS]     [ENG]

«Ջերմոցային մշակաբույսերի արտադրություն և կառավարում». դասընթացները շարունակվում են

 

«Կրթություն՝ հանուն ապագայի» ՀԿ-ն Արցախի առաջնագծամերձ գյուղերում շարունակում է «Ջերմոցային մշակաբույսերի արտադրություն և կառավարում» կրթական ոչ ֆորմալ դասընթացների շարքը:

«Գիտելիքահեն գյուղացիական տնտեսությունը ինտենսիվ գյուղատնտեսության ապագան է» ծրագրի շրջանակում իրականացվող դասընթացները ջերմատան կոնստրուկցիայի և հիմնադրման աշխատանքների, ջերմատան համակարգերի, գրունտային և հիդրոպոնիկ ջերմատների շահագործման հիմունքների, ջերմատնային հիմնական մշակաբույսերի մշակության տեխնոլոգիաների, ջերմատան բույսերի պաշտպանության թեմաներով են։

Տեսական դասընթացներն ուղեկցվում են ջերմատներ այցելություններով և գործնական աշխատանքներով։

Դասընթացները վարելու համար ՀՀ-ից հրավիրվել են ոլորտում մասնագիտացած «Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն» ICARE-Armenia հիմնադրամի փորձառու մասնագետները։

Ջերմոցային մշակաբույսերի արտադրության և կառավարման թեմայով եռօրյա դասընթացներ օրերս կազմակերպվեցին Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքում։

 «Պատերազմի հետևանքով Արցախում մշակվող հողերի, արոտավայրերի, ոռոգման ջրի զգալի կորուստ ենք ունեցել: Իրավիճակը ստիպեց մտածել գյուղաբնակների զբաղվածության այլընտրանքային եղանակների մասին: Որպես հնարավորություն՝ մենք ընտրեցինք տնամերձ հողատարածքներում  բարձրարժեք մշակաբույսերի աճեցնելը: Այն հնարավոր է կազմակերպել ջերմատների կառուցման միջոցով: Մեր կողմից կազմակերպվող դասընթացները հնարավորություն են տալիս տեսական և գործնական գիտելիքներ փոխանցել ջերմատներ ունեցող և դրանց մշակությամբ հետաքրքրվող հողօգտագործողներին: Համապատասխան մասնագետների կողմից տրամադրվում է նաև խորհրդատվություն», - մեր զրույցի ընթացքում նշել է «Կրթություն՝ հանուն ապագայի» ՀԿ- ի նախագահ և ծրագրի ղեկավար Իրինա Գաբրիելյանը:

Ծրագրին Մաճկալաշենում մասնակցել է 35 հոգի, որոնց մեծ մասը Մաճկալաշենի բնակիչներ են:

Երրորդ օրը կազմակերպվեց փոքրիկ ստուգարք-քննություն, որի շեմը հաղթահարած և լավագույն ցուցանիշներ արձանագրած մասնակիցները ICARE-Armenia հիմնադրամի կողմից կստանան վկայականներ: «Կրթություն՝ հանուն ապագայի» ՀԿ-ի կողմից բոլոր պարտաճանաչ և ակտիվ մասնակիցներին /31 հոգու/ տրվեցին մասնակցության հավաստագրեր:

Նշվեց, որ Մաճկալաշենով չեն սահմանափակվելու: Հաջորդիվ կկազմակերպեն նաև շրջանի այլ ենթաշրջաններում: 

Արմեն Հարությունյանը Մաճկալաշեն գյուղի բնակիչ է: Ունի երկու ջերմոց: Ջերմոցային մշակությամբ առաջին տարին է զբաղվում: Ասում է՝ մշակության հետ կապված շատ հարցեր ուներ, որոնց պատասխանները ստացել է դասընթացի ժամանակ: Նա գոհունակություն  հայտնեց կազմակերպիչներին՝ շեշտելով դասընթացի կարևորությունը: 

Կարինե ԴԱԴԱՄՅԱՆ