[ARM]     [RUS]     [ENG]

Պաշտպանին առընթեր բռնի տեղահանված և փախստական անձանց իրավունքների պաշտպանության հարցերով խորհրդի անդրանիկ նիստ

 

Մայիսի 20-ին Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի նախագահությամբ տեղի է ունեցել Պաշտպանին առընթեր բռնի տեղահանված և փախստական անձանց իրավունքների պաշտպանության հարցերով խորհրդի անդրանիկ նիստը, որի կազմում ընդգրկված են բռնի տեղահանված և փախստական անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում գործունեություն ծավալող հասարակական կազմակերպություններ, իրավունքների պաշտպանության ոլորտի մասնագետներ: Գեղամ Ստեփանյանը նշել է, որ Խորհուրդը պետք է ծառայի որպես հարթակ` համատեղելու բռնի տեղահանված անձանց և փախստականների իրավունքների պաշտպանության ոլորտի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և մասնագետների ներուժը` արձանագրելու և վերհանելու հրատապ լուծում պահանջող խնդիրները և ներկայացնելու դրանք համապատասխան իրավասու մարմիններին: Իր ելույթում ՄԻՊ աշխատակազմի դեպարտամենտի կրթական, վերլուծական, հետազոտական և մշտադիտարկման բաժնի պետ Մարինա Սիմոնյանն անդրադարձել է Պաշտպանի աշխատակազմի կողմից այդ բնագավառում իրականացվող աշխատանքներին և մատնանշել որոշակի խնդիրներ։ Խորհրդի անդամները բարձրաձայնել են մի շարք խնդիրների մասին, այդ թվում` բռնի տեղահանված անձանց և փախստականների սոցիալական ներառման, բնակարանային և զբաղվածության ապահովման, տարբեր իրավական ակտերի և ծրագրերի կատարելագործման վերաբերյալ։

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ