Logo
Print this page

ԱՆԴՐԵՅ ՍԱԽԱՐՈՎԻ ՀՈՒՇԱՐՁԱՆԸ՝ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ

 

Այսօր` մայիսի 21-ին, Ստեփանակերտի Անդրեյ Սախարովի անվան հ. 8 դպրոցում տեղի է ունեցել ակադեմիկոս, ֆիզիկոս, հասարակական, քաղաքական գործիչ, Նոբելյան մրցանակակիր, Խորհրդային Միության աշխատանքի եռակի հերոս Անդրեյ Սախարովի արձանի բացման հանդիսավոր արարողությունը։ Միջոցառմանը ներկա էին Արցախի Հանրապետության ԱԺ փոխնախագահ Գագիկ Բաղունցը, պետական նախարար Արտակ Բեգլարյանը, ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը և այլ պաշտոնատար անձինք: Ներկաները նախ ծաղիկներ խոնարհեցին զոհված ազատամարտիկների փառքի անկյունում։
Ա. Սախարովի անվան հ. 8 դպրոցի տնօրեն Լյովա Գեւորգյանը միջոցառման մասնակիցներին ներկայացրեց Սախարովի կենսագրությունն ու անցած հարուստ ճանապարհը։ Արձանի բացման պատիվը տրվեց քանդակի հեղինակ Գրիգորի Պոտոցկուն և ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանին։ Սախարովի քանդակի հեղինակ Գրիգորի Պոտոցկին մեզ հետ զրույցում ասաց. «Ստեփանակերտում այսուհետ միշտ իր ներկայությունը կունենա Անդրեյ Սախարովը։ Այս քանդակը ևս մեկ անգամ կխորհրդանշի հայ և ռուս ժողովուրդների անխախտ բարեկամությունը»։ Հանդիսավոր արարողությանը մասնակցում էին Ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչներ։ Նշենք, որ Գրիգորի Պոտոցկու հայտնի «Խատուտիկ» արձանը 2010թ.-ից տեղադրված է մայրաքաղաք Ստեփանակերտի սրտում։ Արձանը մայրաքաղաք Ստեփանակերտին նվիրել է «Տաշիր» հիմնադրամը։

 

Սերգեյ ՍԱՖԱՐՅԱՆ

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.