Հայտնաբերվել է մայիսի 22-ին անհետացած քաղաքացին
Այսօր ժամը 07:30-ի սահմաններում հայտնաբերվել է մայիսի 22-ին անհետացած քաղաքացին: http://www.rs-nkr.am/content.php?contid=4248
Ձեռնարկված որոնողական-փրկարարական աշխատանքների արդյունքում, այսօր` ժամը 07։30-ի սահմաններում, Մարտակերտի շրջանի Քոլատակ համայնքից դեպի Կաչաղակաբերդ տանող անտառամերձ տարածքում հայտնաբերվել է մայիսի 22-ին անհետացած ՀՀ քաղաքացին՝ 63-ամյա Ս.Մ.-ն: Փրկարարները ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն և քաղաքացուն նշված տարածքից ուղեկցել անվտանգ տեղամաս, որից հետո վերադարձել մշտական տեղակայման վայր։ Պարզվել է, որ Ս.Մ.-ն, տեղանքում չկարողանալով կողմնորոշվել, կորել է: Կապի բացակայության պատճառով քաղաքացին չի կարողացել կապ հաստատել արշավախմբի անդամների հետ և սկսել է ինքնուրույն փնտրել անտառից դուրս գալու ճանապարհը: Այսօր վաղ առավոտյան` ժամը 07:50-ի սահմաններում, Ս. Մ.-ն, նկատելով ճանապարհը, դուրս է եկել երևացող տեղանք, որտեղ էլ փրկարարները նրան նկատել են: Նշենք, որ մայիսի 22-ին, ժամը 02:15-ին մեկնարկած որոնողական աշխատանքներին ներգրավվել են ԱԻ պետական ծառայության Մարտակերտի շրջանային ԱԻ բաժնի և առանձին ջոկերի հրշեջ-փրկարարները, ինչպես նաև ԱԻ պետական ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խումբը: Հաղորդագրությունը փոխանցվել է ԱՀ ՆԳՆ ոստիկանության և ԱԱԾ հերթապահ մասեր: