ԱՐՑԱԽՈՒՄ ՆՇՎԵՑ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԸ

 

 Մայիսի 28-ը հայ ժողովրդի հավաքական կամքի, ապրելու իրավունքի, մայիսյան հաղթանակների ամբողջացումն է։ Առաջին Հանրապետության օրը հայրենիքն ավելի սիրելու, նրա պատմական անցյալի հերոսական էջերը վերապրելու, բացթողումները սրբագրելու առիթ է։ Այսօր, առավել քան երբևէ, մեզնից յուրաքանչյուրը պետք է գիտակցի, որ պետության վաղվա օրը կախված է հենց իրենից։ Մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում այսօր տեղի է ունեցել սիրված երգիչներ Ներսիկ, Արաբո, Աղասի Իսպիրյանների, Արտաշ Տարոնցու և արցախցի երգիչներ Վալերի Ղազարյանի (Լյոկա) եւ Սպարտակ Օսիպյանի (Բ 58) համերգը։ Նախաձեռնությունը «Ջենեսիս Արմենիա Ուղեղային կենտրոն» բարեգործական հիմնադրամինն է։ Ծրագիրն իրականացվել է ԱՀ կառավարության հետ համատեղ։ Համերգի մեկնարկից առաջ, «Ջենեսիս Արմենիա» հիմնադրամի ղեկավար Աբրահամ Գասպարյանն ասել է.

-Դուք սրբազան հողում ապրող, հայի ամուր, տաղանդավոր տեսակն եք։ Ձեր պայքարն ազնիվ է։ Քանի հավաքական է մեր կամքը, քանի սահմանին զգոն է մեր զինվորը, Մայիսի 28-ի գաղափարը մնալու է որպես անգերազանցելի արժեք։ Կեցցե' հայոց պետականությունը, փա'ռք հոգեւոր ու ֆիզիկական Հայաստան ունենալու համար իրենց կյանքը զոհաբերած մեր հայորդիներին։

 

 

 

 

 

 

Սերգեյ ՍԱՖԱՐՅԱՆ