[ARM]     [RUS]     [ENG]

Հունիսի 12-ը Մոնթե (Ավո) Մելքոնյանի հիշատակի օրն է

 

Հունիսի 12-ը Հայաստանի Ազգային հերոս, Արցախի հերոս, Արցախյան առաջին պատերազմում Մարտունու շրջանի ինքնապաշտպանության ուժերի հրամանատար Մոնթե (Ավո) Մելքոնյանի հիշատակի օրն է: Լեգենդար հրամանատարի հիշատակին այսօր առավոտյան հարգանքի տուրք են մատուցել Մարտունու շրջվարչակազմի ղեկավար Էդիկ Ավանեսյանը, շրջվարչակազմի պատասխանատուները, աշխատակիցները, շրջանի ուժային կառույցների ղեկավարները, քաղաքի հիմնարկ-ձեռնարկությունների ներկայացուցիչները, ովքեր ծաղիկներ են խոնարհել Մոնթե Մելքոնյանի հուշարձանի և նրա հիշատակին նվիրված խաչքարի պատվանդաններին: Մոնթե Մելքոնյանը ծնվել է 1957 թվականի նոյեմբերի 25-ին, Կալիֆոռնիայի Վայսեյլի քաղաքում՝ Մեծ եղեռնից փրկված և ԱՄՆ-ում հանգրվանած հայ ընտանիքում։ 1969-1970թթ. ընտանիքով ճամփորդել է Եվրոպայի և Միջին Արևելքի 41 երկրներում, այցելել Արևմտյան Հայաստան` իր պապերի ծննդավայրը: Այդ տարիքում առաջին անգամ գիտակցել է իր հայ լինելը: Արցախյան շարժմանը մասնակցելու համար 1991թ.-ին Արցախ է եկել և ներգրավվել ֆիդայական շարժմանը: 1992թ.-ից ստանձնել է Մարտունու շրջանի ինքնապաշտպանության ուժերի հրամանատարի պարտականությունները։ Այստեղ կարճ ժամանակում նա իր անկեղծությամբ ու ազնվությամբ շահեց ոչ միայն տեղի բնակչության, այլև ընդհանրապես, համայն հայության սերն ու հարգանքը։ Աղդամի կրակակետերի ոչնչացման լայնածավալ գործողություններից հետո 1993թ. հունիսի 12-ին Մոնթե Մելքոնյանը զինակիցների հետ իջնում է հրամանատարական բարձունքից՝ անձամբ ստուգելու իրավիճակը եւ դիրքավորելու իր մարտիկներին։ Աղդամի մերձակա Մարզիլի գյուղում անսպասելի հանդիպում է հակառակորդի ԲՄՊ-1 զրահամեքենային։ Ծավալված անհավասար մարտում զրահամեքենայից արձակած հրթիռի բեկորից զոհվում է Մոնթեն։ Նրա աճյունն ամփոփված է Եռաբլուր պանթեոնում: Իսկ Մարտունի քաղաքում կանգնեցված է Ավոյի հուշարձանը, որ հեղինակել է քանդակագործ Լևոն Թոքմաջյանը: Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Հայրենիք», ԼՂՀ «Ոսկե արծիվ» և «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշաններով:

Նարինե Հայրապետյան