«ՄԻՆ ԿԱՐԳԵՆ ՏԸՂ». ԶԲՈՍԱՅԳԻ ՈՒ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿ ՔԵՐԹ ԳՅՈՒՂՈՒՄ
Մարտունու շրջանի Քերթ համայնքում «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի ուսուցիչ-առաջնորդներ Վիտալի և Արևիկ Պետրոսյանները ձեռնամուխ են եղել հերթական ծրագիրը կյանքի կոչելուն: Նրանց նախաձեռնությամբ գյուղում նախատեսվում է կառուցել զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված զբոսայգի և մանուկների ու պատանիների համար նախատեսված խաղահրապարակ: Այդ նպատակով արդեն մեկնարկել է դրամահավաք:
Աշխատանքները տարվում են դպրոցի աշակերտների հետ համատեղ:
Վ. Պետրոսյանի խոսքով՝ ծրագրի իրականացմանն աջակցելու են Մարտունու շրջանի վարչակազմն ու Քերթի համայնքը:
Նախագծման ընթացքում համագործակցել են Քերթի համայնքի ղեկավար Գեղամ Լալայանի հետ, ով խոստացել է կազմակերպել տեղանքի հարթեցման աշխատանքները:
Մարտունու շրջվարչակազմի ղեկավար Էդիկ Ավանեսյանն էլ պատրաստակամություն է հայտնել օժանդակել տեխնիկական միջոցներով և աջակցել դրամահավաքի ընթացքին:
Վ. Պետրոսյանը նշում է, որ համայնքում բացակայում են հասարակության հանգստի պայմանները, իսկ նման ծրագրերի իրագործմամբ այս վայրերը կծառայեն ոչ միայն հանգստի ու խաղերի կազմակերպմանը, սթրեսի հաղթահարմանը, այլ նաև` անցյալի արժևորմանը: Ե՛վ զբոսայգու, և՛ խաղահրապարակի կառուցումն ունեն նաև կրթական նպատակներ:
Զբոսայգին նվիրված է լինելու արցախյան պատերազմների ընթացքում զոհված քերթեցիների հիշատակին. տարածքում նախատեսվող ծառերը կրելու են նահատակված տղաների անվանական հուշատախտակները: Այստեղ պարբերաբար կազմակերպվելու են ռազմահայրենասիրական դասեր, տարբեր միջոցառումներ:
Ինչ վերաբերում է խաղահրապարակին, լինելու են ինչպես փոքրերի, այնպես էլ մեծերի համար նախատեսված սարքավորումներ ու կահավորանք:
Նախահաշվարկով՝ ծրագրի իրականացման համար անհրաժեշտ է 14 միլիոն 500 հազար ՀՀ դրամ: