Կապանի պատվիրակությունը հյուրընկալվել է Ստեփանակերտի քաղաքապետարանում
ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքի համայնքապետարանի պատվիրակությունն այսօր հյուրընկալվել է Ստեփանակերտի քաղաքապետարանում: Հանդիպմանը Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը, կարևորելով հետպատերազմյան ժամանակահատվածում նման այցերը, համոզմունք հայտնեց, որ համագործակցությունը կնպաստի տարբեր ոլորտների զարգացմանը: Կապանի քաղաքապետ Գ. Փարսյանի խոսքով՝ այս աշխատանքային այցով ու հանդիպումներով դրվում է անձնային ու միջհամայնքային, հարաբերությունների ձևավորման, ամրապնդման ու զարգացման սկիզբը: Նա նշեց, որ Արցախն ու Սյունիքը շատ ընդհանրություններ ունեն, որոնք կնպաստեն կապերի սերտացմանը: Ստեփանակերտի քաղաքապետի տեղակալ Սամվել Ղուլյանը մեզ հետ զրույցում ասաց, որ երկու քաղաքային համայնքների ղեկավարները պայմանավորվածություն են ձեռք բերել համագործակցելու հիմնականում սպորտի, մշակույթի, կրթության, իսկ հետագայում նաև այլ ոլորտներում: Առաջիկայում փորձի փոխանակման նպատակով նախատեսվում է փոխայցելություն Կապան քաղաք: Ստեփանակերտի և Կապանի քաղաքային իշխանությունների ղեկավարները հանդիպման վերջում հուշանվերներ են փոխանակել:
Աննա Ալեքսանյան