[ARM]     [RUS]     [ENG]

Միքայել Հայրիյանը մանրամասներ է հայտնել վիրավոր զինծառայողների առողջական վիճակից

Գրեթե բոլոր վիրավորումները բեկորային են: Այս մասին Արցախի Հանրային հեռուստատեսության հետ զրույցում մանրամասնել է Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը՝ անդրադառնալով ադրբեջանական ստորաբաժանումների սադրանքի հետևանքով վիրավորված ՊԲ զինծառայողների առողջական վիճակին: «Վիրավորներից մեկը ծայրահեղ ծանր վիճակում է, մեկը ծանր, մյուսների վիճակը միջին և թեթև է գնահատվում: Գրեթե բոլոր վիրավորումները բեկորային վիրավորումներ են: Այս պահին վիրավորների հետ կապված որևիցե աջակցության կամ դեղորայքի խնդիր չկա»,- ասել է Հայրիյանը:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել են Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, օգոստոսի 3-ին, ժամը 09։00-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը, թիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը: Բացի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կիրառվել են նաև ականանետներ, նռնականետեր և հարվածային ԱԹՍ-ներ, ինչի հետևանքով մահացու վիրավորում են ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ Գուրգեն Գալերիի Գաբրիելյանը և Արթուր Յուրիի Խաչատրյանը: Եվս 14 զինծառայող տարբեր աստիճանի վիրավորումներ է ստացել: Արցախի Հանրապետությունում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորակազմի հրամանատարության հետ միջոցներ են ձեռնարկվում իրադրությունը կայունացնելու ուղղությամբ։