[ARM]     [RUS]     [ENG]

ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇԲԸ-Ն ՆՈՐ ՍՐՏԱԲԱՆ ՈՒՆԻ

Արցախում, մասնավորապես Մարտունի քաղաքում, խիստ զգացվում է բժիշկ-մասնագետների կարիքը: Պատերազմից հետո նրանց պահանջարկն ավելի է մեծացել: Տարբեր ծրագրերի շրջանակներում Մայր Հայաստանից և Սփյուռքից բժիշկների այցերը շարունակվում են, որոնք, սակայն, ժամանակավոր բնույթ են կրում: Կան բժիշկներ, ովքեր կամավոր ցանկություն են հայտնում լինել Արցախում, արցախցիների կողքին: Նրանցից է նաև իմ զրուցակիցը, ով վերջերս է ժամանել Արցախ և տևական ժամանակ կաշխատի Մարտունու շրջանային բուժմիավորումում, որպես սրտաբան:

 Արամ  Գևորգյանը ծննդով Գեղարքունիքի մարզի Ձորագյուղից է: 2010թ. ընդունվել է Երևանի «Հայբուսակ» համալսարանի բուժական ֆակուլտետը: 2015-2017թթ. ավարտել Է նույն հաստատության մագիստրատուրան: 2017թ. ընդունվել և 2020թ. ավարտել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կլինիկական օրդինատուրայի «Սրտաբանություն» բաժինը: Երկու տարի աշխատել է Երևանի «Բեսթ լայֆ» բժշկական կենտրոնում, որպես հերթապահ սրտաբան, «Աստղիկ» բժշկական կենտրոնում, որպես շտապօգնության ռեանիմացիոն բրիգադի բժիշկ և ՀՀ Մարտունի քաղաքի բժշկական կենտրոնում, որպես էխոսրտաբան, մեկուկես տարի՝ Երևանի քաղաքային շտապօգնությունում: 

Թե ինչու է ընտրել հենց այս մասնագիտությունը՝ բժիշկը պատասխանում է. «Կարևոր է այն գիտակցումը, որ դու քո գործով ու գիտելիքներով ամեն օր պետք ես մարդուն և կարող ես օգտակար գործ կատարել: Շատ կարևոր է այն, թե ինչպես ես կատարում այդ գործը: Բժշկի մասնագիտությունն անընդհատ պայքար է նոր գիտելիքների ձեռքբերման համար, պայքար մահի դեմ՝ փրկելով կյանքեր: Սիրելով եմ ընտրել այս մասնագիտությունը ու մեծ սիրով էլ աշխատում եմ»:

 Օգոստոսի 5-ից երիտասարդ բժիշկը Մարտունու հիվանդանոցում սկսել է հիվանդների ընդունելությունը, որն իրականացնում է յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 9:00-ից մինչև 18:00-ն:

 Ա. Գևորգյանի խոսքով՝ հիվանդների հոսքը շարունակական աճում է: Օրվա կտրվածքով բժիշկը հասցնում է ընդունել իրեն դիմած բոլոր հիվանդներին, անհրաժեշտության դեպքում ավելացնում ընդունելության ժամերը: Նա համբերատար լսում է հիվանդների գանգատները, իրականացնում համապատասխան բուժզննում և նշանակում անհրաժեշտ բուժման կուրսը: Նաև համայց է կատարում ստացիոնար բուժում ստացող հիվանդներին: Հավելում է՝ պատրաստ է օրվա ցանկացած ժամի ներկայանալ հիվանդանոց և իր կարիքն ունեցող հիվանդներին: Բժշկի խոսքով՝ իրեն դիմում են հիմնականում զարկերակային ճնշումով, նյարդային (նևրոզ) խանգարումներով քաղաքացիներ, ինչը նրանք շատ դեպքում կապում են սրտի աշխատանքի հետ, նաև միջկողային նեվրալգիայով հիվանդները:

Նարինե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ