[ARM]     [RUS]     [ENG]

ԽԱՉՔԱՐԻ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ՝ ՄԱՐՏՈՒՆԻ ՔԱՂԱՔՈՒՄ

Այսօր՝ օգոստոսի 17-ին, Մարտունու Վերածննդի օրը, քաղաքի սրտում տեղի ունեցավ խաչքարի բացման արարողություն: Նոր սրբատեղին հետայսու կհանդիսանա մատաղ սերնդի երդմնակալության խորհրդանշական վայր: Խաչքարը կանգնեցվել է ի հիշատակ արցախյան երեք պատերազմներում նահատակված տղաների: Մտահղացումը Նժդեհ Իսկանդարյանինն է, ով մտերիմ էր պատերազմում անմահացած հերոսներ Մհեր Աբրահամյանի և Արսեն Աղասյանի հետ: Գաղափարը կյանքի կոչելուն աջակցել են Մարտունու շրջվարչակազմի ղեկավար Էդիկ Ավանեսյանը և Մարտունու քաղաքապետ Ազնավուր Սաղյանը: Խաչքարի բացման պատիվը տրվել է Նժդեհին, Մհերի և Արսենի քույրերին: Մարտունու Ս.Ներսես Մեծ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հովհան քահանա Հովհաննիսյանի ձեռամբ կատարվել է օրհնության կարգը : «Խաչքարը մենք տեղադրում ենք ոչ թե որպես հիշատակ, ազգային սովորությունների շարունակություն, այլ, որ իր մեջ ունի քրիստոնեական խորհուրդը, որ ամեն անգամ խաչքարին նայելուց հիշենք մեր հերոսներին և աղոթենք նրանց հոգու հանգստության և խաղաղության համար»,- նշել է հոգևոր հայրը: Հաղթանակի հույսը չի կորցնում նաև Նժդեհ Իսկանդարյանը, ով իր խոսքում մասնավորապես նշել է. «Ինձ համար պատիվ է լինել այստեղ, կրկնակի պատիվ է լինել Արսենի և Մհերի ընկերը: Հայրենիքներն ապրում են հայրենասիրությամբ, կործանվում՝ դրանց պակասից: Այսօր Մարտունին կանգուն է հայրենասեր, քաջարի զավակների կյանքի գնով: Իսկապես, պատմությունը կրկնվելու հատկություն ունի, դժվար ժամանակներ ենք ապրում: Աստված, հայրենիք և հայ ազգ. այս է փրկության մեր ճանապարհը»: «Արցախի պահեստազորի սպաների միություն» ՀԿ նախագահ Կարմեն Ասլանյանի խոսքով ՝ այսօր ևս մեկ առիթ է մեր հերոսներին հիշելու և կատարածն արժևորելու համար: «Մենք խոնարհվում ենք հերոսածին ընտանիքների առաջ: Այսօր մենք ունենք հայորդիների արյամբ սրբագործված հայրենիք, որտեղ կարողանում ենք ապրել, արարել: Դժվար ժամանակաշրջանում ենք ապրում, բայց պարտավոր ենք հիշել, մեծարել, գնահատել և հավերժացնել մեզ համար սուրբ անունները»,- ասել է նա: Հերոսածին մայր Մարգարիտա Աղասյանը շնորհակալություն է հայտնել խաչքարի տեղադրման գաղափարի հեղինակին և բոլոր աջակիցներին: «44-օրյա պատերազմում մենք ազգովի կորցրեցինք մեր տղաներին, շատերը մնացին հաշմանդամ: Ունենք նաև անհայտ ճակատագրով տղաներ: Կորցրեցինք տուն, տեղ, հող հայրենի: Ցավը խորն է յուրաքանչյուրիս համար, սակայն ցավը խեղդելով՝ հորդորում և խնդրում եմ՝ համախմբվել, հանուն մեր հերոսների թափած արյան՝ վեհ հայացքով առաջ նայել, որպեսզի նենգ թշնամին մեր համախմբվածությունից ընդմիշտ մոռանա մեզ»,-հորդորեց նահատակված հերոսի մայրը : Խաչքարի բացմանը ելույթներ ունեցան Մարտունու երեխաները, որոնց շուրթերից հնչած յուրաքանչյուր խոսքում ամփոփված էին հերոս տղաների սխրագործությունները, կիսատ թողած երազանքներն ու անձնվեր օրինակով սերմանած հայրենասիրությունը:

Նարինե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ