[ARM]     [RUS]     [ENG]

Քայլերթ և հանրահավաք՝ նվիրված ԼՂՀ հռչակման 31-րդ տարեդարձին

 

Սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտի Ազատության հրապարակից դեպի Վերածննդի հրապարակ է ձգվել բազմահազարանոց երթ՝ նվիրված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 31-րդ տարեդարձին: 1991թ. հենց այս օրն է Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և Շահումյանի շրջանի սահմաններում ընդունվել ԼՂՀ հռչակագիրը։ 31 տարի անց կրկին Ստեփանակերտի սրտում հավաքվել են արցախցիները՝ վերահաստատելու, որ հավատարիմ են Արցախի անկախության և ազատության գաղափարին: Միջոցառմանը ներկա էին ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը, ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը, ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը, ԱՀ և ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ, պետական այրեր, հոգևորականներ, հյուրեր: Վերածննդի հրապարկում տեղի ունեցած հանրավաքին՝ ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն իր խոսքում կարևորել է ազգային միաբանության հաստատումը. «Արցախը մի դրախտային այգի է, իսկ մենք նրա մշակները։ Շատերն են ուզում տիրանալ մեր այգուն։ Այսօր այն կարկտահարվել է, սողանքների պատճառով տրոհվել ու փոքրացել՝ իր հետ տանելով այգու երիտասարդ մշակներից շատերին։ Այգին այսօր հիվանդ է, խնամքի կարիք ունի, հենարանի կարիք ունի, և մենք, որպես կենդանի մշակներ, մեր միասնական ջանքերով պիտի վերակենդանացնենք Հայոց Արա թագավորի հիմնած այգին՝ վանելով մեզանից չարի բոլոր կործանարար երևույթները, հուսահատությունը, անտարբերությունը, խուճապը, տագնապը, երկրից հեռանալու մտածումները»։ Այնուհետև Սրբազանի կոչով ներկաները միասնական աղոթք բարձրացրին առ Աստված՝ մեր ազգի պահպանության, հարատևության և բարօր կյանքի համար: Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը, շնորհավորելով Հանրապետության տոնի կապակցությամբ, նշել է, որ 2020թ. պատերազմից հետո վերջին մեկուկես-երկու տարիների ընթացքում Սեպտեմբերի 2-ը չի տոնվում նախկինի պես, ինչը նա բնական է համարում պատերազմի անդառնալի կորուստներըից հետո: «Սակայն մենք պարտավոր ենք հիշել այս օրը, որովհետև Արցախի Հանրապետության համար իրենց կյանքն են նվիրաբերել մեր ազգի սերուցքի հազարավոր ներկայացուցիչներ»,-ասաց արտգործնախարարը: Անդրադառնալով ներկա իրավիճակին, Դավիթ Բաբայանը նշել է, որ այն բավականին բարդ է: Այդուհանդերձ, ըստ նրա, բոլոր հիմքերը կան՝ Արցախը փրկելու: «Մի՛ հավատացեք նրանց, ովքեր կասեն, թե ամեն ինչ որոշված է, մի՛ հավատացեք նրանց, ովքեր կասեն՝ դուք որևէ հնարավորություն չունեք կանգնելու և փրկելու մեր երկիրը»,- շեշտեց Արցախի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը: ԱՀ ԱԺ Հայ Հեղափոխական Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանն իր ելույթում անդրադարձել է առկա մարտահրավերներին և շեշտել, որ պետք է դադարեցնել մեղավորների փնտրտուքը, և համազգային մոբիլիզացիայով կանխել պարտությունների շղթան: «Հայրենիքը փրկելու միակ ելքը մեր հավաքականությունն է և միասնականությունը, մենք ունենք այդ ներուժը, համոզված ենք՝ մենք դեռ ունենալու ենք նոր տոներ և բազմաթիվ հաղթանակներ հայի արդար և վրիժառու բազկի շնորհիվ: Ես, դու, մենք ենք, որ պետք է միավորվենք և կանգնեցնենք այս պարտությունների շղթան»,- իր ելույթում նշել է Ա. Մոսիյանը: Հանրահավաքը եզրափակվել է ուղերձ-կոչով առ այն, որ Արցախը շարունակելու է պայքարը և մենք դեռ տոնելու ենք նոր հաղթանակներ:

Տաթև Աղաջանյան

Լուսանկարը՝ Ռուսլան Սարգսյանի