[ARM]     [RUS]     [ENG]

Ադրբեջանի հարձակման հետևանքով Հայաստանում վնասվել է 192 բնակելի տուն. գույքագրումը շարունակվում է

 

 

 

Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով, նախնական տվյալներով, Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց ձորի մարզերում վնասվել է 192 բնակելի տուն: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը տեղեկացրեց, որ դրանցից 60-ն ամբողջությամբ վնասվել է:

«Վնասվել են բնակելի տներ, օժանդակ կառույցներ, անասնապահական շինություններ, գյուղատնտեսական նշանակության գույք, վարչական շենքեր, հյուրատներ և այլն: Վնասվել են նաև ավտոմեքենաներ, այդ թվում՝ շտապօգնության ծառայության: Որոշ տեղերում ունեցել ենք հոսանքազրկումներ, որոնք շատ արագ վերականգնվել են: Այս պահին էլեկտրականության հետ կապված խնդիր ունենք Ներքին Շորժայի հատվածում: Հասկանալի պատճառով էլեկտրականության, կապի մատակարարումը այդ հատվածում դեռ չի վերականգնվել, սակայն առաջին իսկ հնարավորության դեպքում կվերականգնվի»,-ասաց Վաչե Տերտերյանը:  

Այլ կարգի ենթակառուցվածքային խնդիրներ՝ ճանապարհների փլուզում, ջրամատակարարման խափանումներ, չկան: Կան տարբեր խնդիրներ, որոնք ընթացքում շատ արագ կարգավորվում են: Վաչե Տերտերյանը նշեց, որ երեք մարզերում էլ ղեկավարությունը հետևում է իրավիճակին, համակարգում են աշխատանքները շուրջօրյա ռեժիմով: Որոշակի հնարավորության դեպքում ամբողջական գույքագրումը կիրականացվի շատ արագ:

«Կստեղծվեն մասնագիտական հանձնախմբեր, որոնք տեղում ավելի մանրակրկիտ կհաշվառեն վնասները: Մեր քաղաքացիներն այդ առումով կարող են հանգիստ լինել: Եթե նույնիսկ որևէ բան բաց է մնացել, ապա համայնքների աշխատակազմերի միջոցով պատշաճ կարվի այդ աշխատանքը»,-ասաց Վաչե Տերտերյանը:

Նա վստահեցրեց, որ ռազմական գործողությունների հետևանքով տուժած յուրաքանչյուր քաղաքացի լինելու է կառավարության ուշադրության կենտրոնում: