ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵՑ ԱՀ ՊԵՏԱԿԱՆ ՆԱԽԱՐԱՐ
Այսօր ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով Պետական նախարար Արտակ Բեգլարյանն ազատվել է ԱՀ պետական նախարարի պաշտոնից։
Հանրապետության նախագահի մեկ այլ հրամանագրով ԱՀ պետական նախարար է նշանակվել Ռուբեն Վարդանյանը։
Կառավարության մեծ դահլիճում տեղի ունեցած ընդլայնված նիստում նախագահ Հարությունյանը կառավարության անդամների ուշադրությանն է ներկայացրել համապատասխան հրամանագիր, որով ընդլայնվում են պետական նախարարի կողմից համակարգվող ոլորտներն ու ուղղությունները։
Նախագահ Հարությունյանը, շնորհակալություն հայտնելով Արտակ Բեգլարյանին, նշեց, որ սա կադրային փոփոխություն չէ, և Արտակ Բեգլարյանը արժանի է լավ ու դրական գնահատականի։
Նախագահը նաև շնորհակալություն հայտնեց Ռուբեն Վարդանյանին, որ համաձայնել է այս բարդ ժամանակահատվածում ստանձնել ԱՀ պետական նախարարի պաշտոնը։
-Ռուբեն Վարդայանը հավատում է Արցախի ապագային, համոզված եմ, որ մենք նրա հետ միասին հաջողելու ենք, և պատվով ու հպարտությամբ ենք հաղթահարելու պատմության այս բարդ ժամանակահատվածը։ Ձեզ հաջողություն եմ մաղթում պարոն Վարդանյան,-իր ելույթում նշեց Հանրապետության նախագահը։
ԱՀ արդեն նախկին պետական նախարար Արտակ Բեգլարյանը, շնորհավորելով Ռուբեն Վարդանյանին, իր պատրաստակամությունը հայտնեց ցանկացած հարցում օժանդակելու պետնախարարին։
Նորանշանակ պետական նախարար Ռուբեն Վարդանյանն իր խոսքում ասաց.
- Ես հպարտ եմ, որ այսօր այստեղ եմ` Ձեզ հետ, դուք բոլորդ հերոսներ եք։ Այս ողջ ժամանակահատվածում ես տեսա, թե ինչպիսի վտանգներ հաղթահարելով եք ապրում, և դրա համար ասում եմ` այո, դուք հերոսներ եք, հերոսներ եք, որովհետև այստեղ շարունակում եք ապրել, արարել, որ ամենակարևորն է, երեխաներ ծնել ու դաստիարակել։
Մենք շատ աշխատանքներ ունենք անելու և՛ ներսում, և՛ դրսում, մեզ մեծ ճանապարհ է սպասում։ Ես համոզված եմ, որ մենք հաղթահարելու ենք բոլոր դժվարությունները և եկող սերունդներին փոխանցելու ենք ազատ, անկախ ու անվտանգ հայրենիք։
Ես զինվոր եմ, զինվոր, ով ամեն ինչ անելու է, որպեսզի բոլոր դժվարությունները հնարավորինս շուտ հաղթահարենք։
Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի խոսքով` առաջիկայում Ռուբեն Վարդանյանի առաջարկությամբ կձևավորվի նոր կառավարություն։
Եվ ներկա պահից կառավարության անդամները մինչև նոր կառավարության ձևավորումը ժամանակավոր են զբաղեցնում իրենց վերապահված պաշտոնները։
Ընդլայնված նիստին հանրապետության նախագահը անդրադարձ կատարեց նաև Արցախի շուրջ ընթացող գործընթացներին։
Սերգեյ ՍԱՖԱՐՅԱՆ