Մարտակերտում «ԱՐՄԱԹՆ ՕԴՈՒՄ» անօդաչու թռչող սարքերի աշխատարան է բացվել
Երեկ Մարտակերտում բացվեց «ԱՐՄԱԹՆ ՕԴՈՒՄ» ԱԹՍ աշխատարան, որն Արցախում երկրորդն է այդ տիպի աշխատարաններից և 24-րդը՝ որպես ընդհանրապես «ԱՐՄԱԹ» աշխատարան: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում կատարած գրառման մեջ նշել է Արցախի Հանրապետության պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը: «Աշխատարանի ներդրման ֆինանսավորումն իրականացրել են Մարտակերտի քույր քաղաք ֆրանսիական Սարսելի համայնքապետարանը և հայկական համայնքը: Իսկ այսօր Ստեփանակերտում կայացավ Արցախի «ԱՐՄԱԹ» աշխատարանների առաջին ցուցահանդեսը: 24 Արմաթներում արդեն շուրջ 600 սան է տեխնոլոգիական հետաքրքիր ու գործնական կրթություն ստանում, և մենք քննարկել ենք Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության ղեկավար կազմի հետ Արմաթների քանակը Արցախում նշանակալիորեն ավելացնելու հնարավորությունը: Եղած Արմաթների գործունեության արդյունքները շոշափելի և ուրախալի են, սակայն դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու Արմաթների և նման այլ կրթական ծրագրերի հասանելիության ու արդյունավետության մակարդակը Արցախում բարձրացնելու ուղղությամբ»,-նշել է Արտակ Բեգլարյանը՝ շնորհակալություն հայտնելով ԱՏՁՄ-ին, «Արմաթ»-ների հովանավորներին ու խմբավարներին՝ իրենց կարևոր ներդրման համար: