Ստեփանակերտում ևս սպասում են Ձմեռ պապիկին

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում այս տարի ևս տոնածառ չի տեղադրվելու, բայց համեստորեն զարդարվել են Ստեփան Շահումյանի անվան Օղակաձև պուրակի՝ «Պյատաչոկ»-ի բնական եղևնիներն ու մայրաքաղաքի կենտրոնական փողոցները: Այսօր երեկոյան մայրաքաղաք Ստեփանակերտն իր նոր գույներով կփորձի մի բուռ ժպիտ պարգևել բոլորին: Ժամը 18:00-ին կմիացվեն զարդարված տոնածառերի և փողոցների լույսերը:
-Լույսերը միացնելու արարողությունը նախատեսված էր դեկտեմբերի 20-ին: Անընդհատ սպասում էինք կյանքի ճանապարհի բացմանը... Այնուամենայնիվ, որոշվեց երեխաներին երկար սպասեցնել չտալ և այս դժվարին օրերին մի քիչ շեղել առօրյա հոգսերից: Փոքրիկներին կհյուրընկալվեն Ձմեռ պապն ու Ձյունանուշը: Երգ ու պարով կներկայանան Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի, Հ. Գյուրջյանի անվան արվեստի դպրոցի և քաղաքային մշակույթի տան սաները,-մեզ հետ զրույցում ասաց Ստեփանակերտի քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Տաթևիկ Բալայանը:
Նրա խոսքով՝ քաղաքապետարանն անելու է հնարավորը, որպեսզի այս տարի ևս դեկտեմբերի 31-ին Ձմեռ պապը շրջի մայրաքաղաքի բոլոր թաղամասերով և բաժանի երեխաներին նվերներ :
 
ԱԱ